Արամ Ա կաթողիկոսը շարունակում է հովվապետական այցելությունը Դետրոյթում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մայիսի 20-ին Նյու Յորքից ժամանել է Դետրոյթ` շարունակելով ԱՄՆ-ում Արևելյան թեմի հովվապետական այցելությունները:
Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Դետրոյթում Նորին Սրբությունը կմնա չորս օր և մի շարք հանդիպումներ կունենա գաղութային և միջկրոնական մակարդակներում:
Վեհափառ Հայրապետը ժամանել է Դետրոյթի Ս. Սարգիս եկեղեցի, որտեղ նրան և ուղեկցող հոգևորականներին դիմավորել են եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հրանտ քահանա Գևորգյանը, Ազգային վարչության ատենապետ Սթիվեն Հակոբյանը, հոգաբարձուների անդամները, ՀՄԸՄ-ի սկաուտները:
Տեղի է ունեցել աղոթք, որից հետո Նորին Սրբությունը ողջունել է ներկաներին ու փոխանցել իր պատգամը: «Քրիստոսի հետևից քայլել, նշանակում է ծառայել նվիրումով և սիրով, և սա է, որ մենք մեր եկեղեցու միջոցով փորձում ենք կատարել մեր ժողովրդի կյանքում: Հետևաբար, մեր ժողովրդի բոլոր զավակները պետք է համախմբվեն եկեղեցու շուրջն` ամրապնդելու իրենց հավատքը և իրենց ծառայությունը մատուցելու Աստծուն ու մեր եկեղեցուն»,- նշել է Վեհափառը:
Այնուհետև բոլոր ներկաները մասնակցել են աջահամբույրին, որի ավարտից հետո կաթողիկոսի պատվին ընթրիք է կազմակերպվել: