Համահայկական խաղերի մասնակիցները կազատվեն վիզային վճարից

ՀՀ կառավարությունը 2015 թվականի օգոստոսի 2-ից 13-ը կայանալիք Համահայկական ամառային վեցերորդ խաղերին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող մարզական պատվիակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներին կազատի մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետականտուրքի վճարից:
«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 21-ի նիստի օրակարգում: Միաժամանակ, նախագծով կհանձնարարվի Համահայկական ամառային վեցերորդ խաղերի կազմկոմիտեի նախագահին` մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը ՀՀ արտաքին գործերի նախարարություն և Ոստիկանություն ներկայացնել խաղերին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող մարզական պատվիակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների ցուցակները:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ խաղերին կմասնակցի արտերկրի մոտ հինգ հազար հայ: Խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու Երևանի «Հրազդան» մարզադաշտում, փակման արարողությունը՝ Երևանի Ազատության հրապարակում՝ համերգային մեծ ծրագրով: Համահայկական 6-րդ խաղերին ընդգրկվել է 17 մարզաձև՝ նախորդ խաղերի համեմատ 7-ով ավելի: Խաղերն անցկացվելու են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, Արտաշատում, Էջմիածնում և Աբովյանում: