Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի (CIBJՕ) համաժողովը 2016 թ. կանցկացվի Հայաստանում

Հայաստանը 2016թ. հյուրընկալելու է Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի (CIBJՕ) համաժողովը, որին ներկա կլինեն ոսկերչության ոլորտի շուրջ 1000 ներկայացուցիչներ աշխարհ տարբեր երկրներից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մերիդիան» ԱՏԳ ծրագրի ղեկավար Նիկա Մանուկովան՝ նշելով, որ համաժողովը հեղինակավոր է և ամեն տարի անցկացվում է տարբեր երկրներում։

«Օրինակի համար ասեմ, որ այս տարի համաժողովն անցկացվում է Բրազիլիայում, 2017թ-ին կանցկացվի Հնդկաստանում, իսկ 2018թ-ին՝ Ավստրալիայում։ Համաժողովի շրջանակում կանցկացվեն «մաստեր կլասեր», ցուցահանդես-վաճառք, կարճատև դասընթացներ կիրականացվեն ոչ միայն ոսկերիչների, այլ նաև այս գործով բոլոր զբաղվողների՝ դիզայներներ, պրոդյուսերներ և այլն»,-ասաց նա։

Այնուհետև Նիկա Մանուկովան նշեց, որ «Միրիդիան» ազատ տնտեսական գոտին արդեն պոտենցիալ ներդրողների ու շահագործողների վերաբերյալ կառավարությանը փաթեթներ է ներկայացրել։

«Մենք ներդրողների ու շահագործողների հետ բանակցությունները սկսել էինք մինչև ազատ տնտեսական գոտու մեկնարկը, և մեր կանխատեսմամբ մինչև տարեվերջ կունենանք մոտ 10 շահագործող ընկերություն, որոնք միասին կստեղծեն 300-500 աշխատատեղ»,-ասաց նա։

Հարցին, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի ընկերությունը, որպեսզի կարողանա գործել ազատ տնտեսական գոտու տարածքում, «Մերիդիանի» ներկայացուցիչը պատասխանեց. «Կառավարությունը հստակ չափանիշներ է սահմանել։ Առաջինը՝ շահագործողը պետք է ներդրում իրականացնի, ունենա ադամանդագործության, ոսկերչության կամ ժամագործության ուղղություն, այսինքն, կոշիկ արտադրողը չի կարող այստեղ գործել։ Ներդրումների ծավալ պետք է համապատասխանի բիզնես ծրագրին, նոր աշխատատեղեր ապահովի, վաճառք չիրականացնի ՀՀ տարածում»։

Նիկա Մանուկովան նաև նշեց, որ հայտ ներկայացրած բոլոր ընկերությունները արտասահմանյան են։ Նման ընկերություններից մեկն էլ «Ոսկերչական տուն Հռիփսիմե» ընկերությունն է, որի հիմնադիր Հռիփսիմե Մելիքյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին կարևորեց ազատ տնտեսական գոտու ստեղծումը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն է տալիս ընկերությանը զարգանալ։

«Ինչպես գիտեք, այստեղ  գործող ընկերությունները հարկային պարտավորություններից ազատվելու են, ինչը հնարավորություն կտա գումարներ խնայել ու դրանք ներդնել գործի մեջ՝ մեծացնելով արտադրանքի մրցունակությունը։ Սա շատ մեծ աջակցություն է բիզնեսին»,-ասաց նա։

 Հռիփսիմե Մելիքյանը նշեց, որ իրենց կողմից արտադրված զարդերը արտահանվելու են ՌԴ,  Ղազախստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք և այլն։

 

Scroll Up