«Եվրատեսիլ-2015».Genealogy խմբի անդամ Թամար Կապրելյանը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել.(լուսանկարներ)

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Genealogy խմբի անդամ Թամար Կապրելյանը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել:
Հավատարիմ մնալով «Եվրատեսիլ»-ի այս տարվա` «Կառուցելով կամուրջներ» կարգախոսին, հայ մասնակիցները նոր կամուրջ են կառուցում մրցույթի այս տարվա մասնակից այլ երկրների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք News.am կայքից:
Genealogy խմբի անդամներ Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանը, ինչպես նաեւ Ալբանիայի, Էստոնիայի եւ Հունաստանի ներկայացուցիչներն այսօր ձայնագրել են նոր երգ, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Թամար Կապրելյանն է: Երգը կրում է The otherside (Մյուս կողմը) խորագիրը:
Երգի հեղինակ Թամար Կապրելյանի խոսքով` այս համագործակցությունը նպատակ ունի առավել սերտացնելու մասնակիցների միջեւ առկա շփումը:
«Երաժշտությունը միացնում է մեզ, որովհետեւ այն վեր է ամեն ինչից: Մենք տարբեր ենք իհարկե, բայց երաժշտությունը մեծ եւ ընդհանրացնող ուժ ունի: Այն միավորում է, փոշիացնում մշակութային տարբերությունները եւ փակում առկա ճեղքերը: Հուզմունքս եւ պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ իմ հեղինակած երգն ենք ձայնագրում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ արդյունքը հետաքրքիր ու գոհացնող կլինի»:
Երգը խաղաղության եւ միասնության կոչ է, ինչպես նաեւ յուրահատուկ նվեր մրցույթի 60-րդ հոբելյանին: