Հայ դատի հանձնախումբը հորդորում է Հայաստանին և ԱՄՆին կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր կնքել
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նոր արշավ է սկսել, որը նպատակ ունի նախապատրաստել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, Հայ դատի հանձնախումբն առանձնացրել է այն առավելությունները, որոնք կողմերը կունենան նմանօրինակ համաձայնագրի կնքման պարագայում:
Հանձնախմբի համոզմամբ` պետք է սկսվեն բանակցություններ համաձայնագրի վերաբերյալ, քանի որ դրա ընդունումը կստեղծի օրինական շրջանակներ ներդրողների և անհատ ձեռներեցների համար, կկանխի կրկնակի հարկումը և կնպաստի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կարծիք է հայտնել, որ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը կօգնի ամրապնդել բարեկամանական հարաբերությունները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, Արևմուտքում կդառնա Հայաստանի խարիսխը, ինչպես նաև Երևանին կընձեռի ավելի մեծ ռազմավարական հնարավորություններ և անկախություն տարածաշրջանային տերությունների հետ հարաբերություններում:
Համաձայնագրի բացակայությունը, ըստ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, կարող է վատ ազդել ԱՄՆ-Հայաստան երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա, ինչպես նաև բացասական ազդակ կարող է լինել պոտենցիալ ներդրողների համար:
Հանձնախումբը հիշեցրել է, որ նմանօրինակ համաձայնագրեր Հայաստանն արդեն ունի շատ առաջադեմ երկրների հետ, ինչպիսիք են Ավստրիան, Բելգիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը և Միացյալ Թագավորությունը: Իր հերթին Միացյալ Նահանգները ևս կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր է կնքել այնպիսի փոքր երկրների հետ, ինչպիսիք են, օրինակ, Էստոնիան, Ճամայկան, Լատվիան, Լիտվան, Մալթան և Սլովենիան: