Արփի Վարդանյանը նշանակվել է Ամերիկայի Հայկական Համագումարի տնօրեն Հայաստանում

Ամերիկայի հայկական համագումարը հայտնում է, որ Արփի Վարդանյանը նշանակվել է տարածաշրջանային տնօրենի նորաստեղծ պաշտոնում (տեղակայված է Երեւանում):

1994թ.-ից ի վեր Վարդանյանը երկար ժամանակ եղել է Համագումարի գործունեության աջակիցը: Նա աշխատակցել է Համագումարին եւ Երեւանում, եւ Վաշինգտոնում` զբաղեցնելով հետեւյալ պաշտոնները` տարածաշրջային տնօրեն, գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (Վաշինգտոնում), Հայ-ամերիկյան գործակցության կոմիտեի եւ փորձնակության ծրագրի ղեկավար, եւ ՀԿ կենտրոնի տնօրեն:

Հայաստանի տարածաշրջանային գրասենյակը սերտորեն աշխատելու է Վաշինգտոնում Համագումարի կենտրոնակայանի եւ Լոս Անջելեսում, Կալիֆորնիայում եւ Բոստոնում տեղակայված Համագումարի մյուս գրասենյակների հետ: Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, Համագումարը վերակառուցում է իր` հայերի ձայնը Վաշինգտոնում առավել արդյունավետ բարձրաձայնելու  կարողությունը:

Նա հաջորդում է Արմինա Դարբինյանին, ով աշխատել է որպես Համագումարի երեւանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն 2010թ-ից մինչ այս տարվա ապրիլ ամիսը: Վարդանյանը ապրում է Հայաստանում 1993թ.-ից եւ իր մեծ փորձն է բերում իր հետ, քանի որ Համագումարի հետ աշխատելուց զատ, նա աշխատել է Հայ բարեգործական ընդհանուր միության եւ Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի (AMAP), Մարդկային զարգացում ՀԿ-ի հետ:

Համագումարի խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը եւ Վան Գրիգորյանը նշել են, որ «Արփիի տաղանդը եւ ձեռք բերած փորձը Վաշինգտոնում, Հայաստանում,  եւ տարածաշրջանում անգնահատելի է, քանի որ մենք ակնկալում ենք ԱՄՆ – Հայաստան, ԱՄՆ – Լեռնային Ղարաբաղ հարաբերությունների հետագա ամրապնդում: Նրա աշխատանքի փորձը Համագումարի հետ օրինակելի է  եւ ակներեւ»:

Արմինա Դարբինյանի հրաժարականի հետ կապված` համանախագահներ Բարսամյանը եւ Գրիգորյանը հայտնեցին. «Արմինան կատարել է մեծ գործ, ներառյալ  շփման գծում Ադրբեջանի կողմից դեպի հայկական դպրոցներ եւ բնակելի տարածքներ կրակի արձակման փաստագրումը: Մենք ցանկանում ենք Արմինային ամենայն բարիք ապագայում»:

Scroll Up