Իտալական մամուլը՝ Վենետիկի բիենալեում Հայաստանի տաղավարի հաղթանակի մասին

Իտալական լրատվամիջոցներն անդրադարձել են Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ բիենալեին և Հայաստանի տաղավարի ստացած մրցանակին։
tert.am-ի փոխանցմամբ՝ հիշեցնենք, որ Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ բիենալեում, որին մասնակցում է 53 երկիր, լավագույն ազգային տաղավարի համար «Ոսկե առյուծ» մրցանակը շնորհվել է Հայաստանի Հանրապետությանը:
Հայաստանը հեղինակավոր այս հարթակում ներկայանում է «Հայություն» խորագրով ցուցադրությամբ։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում է սփյուռքահայ 18 արվեստագետ:
Ինչպես գրված է Վենետիկի բիենալեի պաշտոնական կայքում, բիենալեի ժյուրին հայտնել է, որ մրցանակը շնորհվել է հայկական սփյուռքի վրա հիմնված տաղավար ստեղծելու համար, որտեղ յուրաքանչյուր արվեստագետ աշխատում է իր յուրահատուկ տարածքի, ինչպես նաև ժառանգության հետ:
Իտալական askanews լրատվական գործակալությունն անդրադարձել է Վենետիկի բիենալեի մրցանակաբաշխությանը, այդ թվում՝ նաև Հայաստանի տաղավարի ստացած մրցանակին:
Գործակալությունը մեջբերել է նաև մրցանակը ՀՀ-ին շնորհելու ժյուրիի պատճառաբանությունը: «Տաղավարը ստացել է պալիմփսեստի ձև՝ ներկայացնելով ժամանակակիցը պատմական ժառանգության պահպանման վայրում»,- ասված է ժյուրիի խոսքում: Ժյուրիի բացատրությունն է ներկայացրել նաև agi.it կայքը՝ խոսելով Հայաստանի տաղավարի մասին:
Իտալական panorama.it կայքն ավելի վաղ ներկայացրել էր հոդված, որտեղ նշել էր հինգ բան, որ չպետք է բաց թողնել Վենետիկի այս տարվա բիենալեում: Դրանցից մեկը Ջարդինիից (որտեղ հիմնականում գտնվում են ազգային տաղավարները) դուրս գտնվող երեք տաղավարներն են, որոնցից մեկը Հայաստանինն է:
Կայքը գրում է, որ ինչպես միշտ՝ Սուրբ Ղազար կղզում Հայաստանն այս անգամ Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգի համադրությամբ ներկայացնում է «Հայություն» տաղավարը։ Կայքը ներկայացնում է ՀՀ ցուցադրության կոնցեպտը տեղահանության և տարածքի, արդարության և հաշտեցման վերաբերյալ՝ ցուցահանդեսին մասնակցող յուրաքանչյուր արվեստագետի հիշողության և ինքնության շուրջ աշխատանքի միջոցով:
Artslife.com կայքն առանձին անդրադարձել է լավագույն տաղավար ճանաչված Հայաստանի ցուցադրությանը և ներկայացրել «Հայություն» ցուցահանդեսի կոնցեպտը, ինչպես նաև՝ մասնակից 18 արվեստագետներին ու նրանց որոշ աշխատանքներ:
Artribune.com-ը նույնպես անդրադարձել է Հայաստանի տաղավարին՝ «Ահա Հայաստանի խորհրդավոր տաղավարը, որը Բիենալեում «Ոսկե առյուծ» է շահել» խորագրով: Կայքը գրում է, որ Հայաստանի տաղավարը, որը բիենալեի այս խիստ զբաղված օրերին քչերն են այցելել, հաղթել է մյուս ազգային տաղավարների թվում: Դա այնքան էլ զարմանալի չէ՝ հաշվի առնելով Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը և Բիենալեի գլխավոր համադրող Օկվուր Էնվեզորի պոլիտկոռեկտ բիենալեն: Կայքի թղթակիցներն այցելել են կղզի և լուսանկարներ արել ցուցադրությունից, որոնք էլ ներկայացրել են ընթերցողներին: