«Ոչ մի հերոս չի մահանում»․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան

Մայիսի 9-ը եռատոն է յուրաքանչյուր հայի համար, քանի որ աշխարհն ու Հայաստանը պատուհասած չարիքների դեմ համայն հայությունը ոտքի կանգնեց թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, թե Արցախյան ազատամարտում՝ մայիսի 9-ին ազատագրելով Շուշին։

Այսօր՝  Հայրենական պատերազմում տարած հաղթանակից 70 տարի, Արցախյան ազատամարտից ավելի քան երկու տասնամյակ հետո հայ ժողովուրդը խոնարհումով և երախտագիտությամբ է հիշում և ընդունում  իր պապերինև հայրերին, ովքեր դեռ 1990-ականներին հայոց բնօրրանում լինելության պայքար մղեցին։ Հենց այս հանգամանքները հաշվի առնելով և նախնիներին արժանին մատուցելու նպատակով ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի Մոսկվայի «Հայորդյաց տան» տնօրեն Հմայակ Գևորգյանը նախաձեռնել և Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությունն ու հավանությունը ստանալուց հետո Սբ․ Պայծառակեպություն եկեղեցու բակում կազմակերպել էր յուրօրինակ ֆլեշմոբ-միջոցառում՝ նվիրված մայիսյան եռատոնին։

«Ինչպես նկատեցիք՝ ֆելշմոբի մասնակիցները «Հիշում եմ և պահանջում եմ» գրությամբ շապիկներով էին և ձեռքերին պահում էին Հայրենական պատերազմի կամ Արցախյան ազատամարտի մասնակից իրենց բարեկամների նկարները։ Նպատակը մեկն էր՝ ցույց տալ, որ դեռ 1915թ․ Եղեռն տեսած հայ ժողովուրդը ոչ միայն կարողացավ վերածնվել, այլև տասնամյակներ անց համախմբվել և իր ներդրումն ունենալ և՛ ֆաշիզմի դեմ հաղթանակում, և՛ Արցախյան գոյամարտում։ Սա ոչ միայն մեր պահանջի, այլև հայի՝ հաղթանակած ժովովուրդ լինելու մասին հիշեցում էր»,- մեզ հետ զրույցում ասաց Հմայակ Գևորգյանը։

Ֆելշմոբն ուղեկցվեց «Հայորդյաց տան» «Հայասա»/գեղ․ ղեկավար՝ Արփինե Ամիրյան/ և «Վարդավառ» /գեղ․ ղեկավար՝ Մարգարիտա Գրիգորյան/ պարային համույթների, դհոլահարների «Կոչնակ» /գեղ․ ղեկավար՝ Հայկազ Բաղրամյան/ և ազգագրական երգի նորաստեղծ «Հարաշացան»/գեղ․ ղեկավար՝ Արմինե Մարտիրոսյան/ երգչախմբի ելույթներով։ Հայ երգն ու պարը հերթական անգամ հիշեցրեցին, որ հայ զինվորը մարտի է մեկնել երգը շուրթերին, հաղթանակը տոնել է հայկական պարով, իսկ նրա վերադարձն ընդունվել է դհոլ-զուռնայով։

Համերգի ավարտին Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ դիմելով  նեկաներին, ասաց․ «Ոչ մի հերոս չի մահանում, քանի  որ նրանք փոխանցել են մեզ իրենց նվիրումն ու հավատարմությունը, այն արժեքները, որոնց վրա խարսխվում է խաղաղ կյանքը, մարդկության ստեղծագործ գոյությունը, ինչն՝ է մերժել չարին, մերժել ատելությունը և ավելացնել մեր կյանքում սերը, փոխադարձ բարիկամեցողությունը և համերաշխ համակեցությունը։ Եվ այսօր՝Ռուսաց երկիրը, որին դեմ էր հայտատարել Գերմանիան այս պատերամզը, լիիրավ տոնախմբում է այդ Մեծ հաղթանակի 70 ամյակը, որում հաստատուն ներդրում ունի նաև հերոսական հայ ազգը։ Շնորհավորում եմ բոլորիս, փառք ու պատիվ մեր հերոս նախնիներին»։

Արմինե Կարեյան

Մոսկվա

02 03 04 05

Scroll Up