Հայկական համայնքը Պյատիգորսկ քաղաքին է նվիրել նորացված երգող շատրվան

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակի  տոնի նախօրեին  Պյատիգորսկ քաղաքի ‹‹Ցվետնիկ›› զբոսայգու մոտ տեղի ունեցավ երգող շատրվանների հանդիսավոր բացումը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Սերգեյ Սարուխանյանը:

Բացման արարողությանը ներկա էին Պյատիգորսկի քաղաքագլուխ Լև Տրավնևը, քաղաքային դումայի նախագահ Լյուդմիլա Պոխիլկոն, ներկայացուցիչներ կանանց խորհրդից, ‹‹Սուրբ Սարգիս›› եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Արամ Հունանյանը, հայկական ազգամշակութային ինքնավարության նախագահ Արթուր Պողոսյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, երիտասարդներ, հյուրեր և այլք: Վերանորոգված երգող շատրվանները հայ համայնքի  նվերն է Պյատիգորսկ քաղաքին: Սակայն դա միակ միջոցառումը չէր այդ օրերին:

Պյատիգորսկի հանրահայտ սրճարանի ճակատային մասում տեղադրվեց Արշակ Ղուկասովին նվիրված հուշատախտակ: Իր ելույթում Պյատիգորսկի հայ համայնքի փոխնախագահ Լյուդմիլա Տերյանը նշեց, որ Արշակ Ղուկասովը եղել է այս քաղաքի հարազատ և արժանապատիվ զավակը, և մեծ բարերարի շնորհիվ  է, որ  Պյատիգորսկում կառուցվել են բազմաթիվ շենքեր ու հասարակական այլ կառույցներ:  Արշակ Ղուկասովի ֆինանսական աջակցությամբ  է կառուցվել նաև Պյատիգորսկի հանրահայտ սրճարանի շենքը: Միջոցառման ժամանակ խոսեցին Հայրենական մեծ պատերազմի մասին, հիշեցին հերոսներին ու գլուխ խոնարհեցին նրանց հիշատակի առաջ:

Տոնը շարունակվեց մինչև ուշ երեկո և վերածվեց ազգամիջյան բարեկամության մեծ տոնի. հնչեցին երգեր, ասմունք, կատարվեցին պարեր, հնչեց նաև հոգու և սրտի նվագարանը՝ դուդուկը:

Scroll Up