Թղթե ինքնաթիռների համաշխարհային մրցույթում հաղթող է ճանաչվել հայ ուսանողը

Զալցբուրգում տեղի է ունեցել Red Bull Paper Wings մրցույթի համաշխարհային եզրափակիչը:

operativ.am-ի փոխանցմամբ՝ թղթե ինքնաթիռների համաշխարհային մրցույթն ավարտվել է լեգենդար «Անգար-7»-ում՝ Ավստրիայում: Այն անմոռանալի տպավորություններ պարգևեց հաջողակներին, ովքեր ականատեսը եղան նոր համաշխարհային ձեռքբերումների և ռեկորդների:

Առանց վառելիքի և շարժիչի օդաչուները, ում ինքնաթիռները պատրաստված էին սովորական А4 ֆորմատի թղթից, ցուցադրեցին հրաշալի ավիաշոու: Եզրափակիչն իր շուրջը հավաքեց 200 մասնակցի, որոնցից յուրաքանչյուրը հաղթող էր ճանաչվել իր երկրի ազգային մրցույթներում:

Ամենալարված պայքարը «Ամենաերկար թռիչքի տևողությունը» կարգում էր: Պայքարն ընթանում էր բառացիորեն վայրկյանների համար: Վերջիվերջո չեմպիոնի տիտղոսին արժանացավ Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Համբարձումյանը: Նրա ինքնաթիռն օդում գտնվել է 14.36 վայրկյան և հիացմունք առաջացրել հայտնի «Անգար-7»-ում գտնվող ներկաների մոտ:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Հոնգ Կոնգի ներկայացուցիչը, իսկ երրորդ տեղին արժանացավ Ճապոնիայի «օդաչուն», ում ինքնաթիռը ճախրել է օդում 12.18 վայրկյան:

Մեկ այլ հայ, ով եզրափակչում ներկայացրել է Լիբանանը, զբաղեցրել է առաջին տեղը «Օդաչուական լավագույն վարպետություն» (աէրոբատիկա) կարգում: Ավեդիս Չամիչյանը խախտել է ֆիզիկայի բոլոր օրենքները և վաստակել մաքսիմալ միավորներ: «Ես շատ տպավորված եմ, – ասել է չեմպիոնը: Մրցավարները շատ արդար էին վերաբերվում յուրաքանչյուր մասնակցի: Սա պարզապես հիանալի էր: 2018թ.-ին ես անպայման կվերադառնամ, որպեսզի պաշտպանեմ իմ տիտղոսը»:

«Ամենաերկար հեռավորությունը» կարգում հաղթել է Վեսելին Իվանովը Բուլղարիայից: Նա իր ինքնաթիռը կարողացավ բաց թողնել երկինք 53.22 մետր բարձրությամբ՝ անցնելով գործող չեմպիոն Թոմաս Բեքին:

Scroll Up