Մանկավարժականի բազմամարդ երթը դեպի «Հաղթանակ» զբոսայգի

Մայիսը հայ ժողովրդի համար նշանավորվում է փառավոր հաղթանակներով և ունի պատմական մեծ նշանակություն. մայիսի  9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձը, ինչպես նաև Ղարաբաղի պաշտպանության բանակի հիմնադրման օրը:

 Եռատոնի առթիվ աբովյանականները  նախ ծաղկեպսակ դրեցին Մանկավարժական համալսարանի տարածքում գտնվող Արցախյան հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ապա շարժվեցին «Հաղթանակ» զբոսայգի:

 Ծաղկեպսակ դնելով անմար կրակի մոտ` նրանք գլուխ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։

«Բոլորը խոսում են հաղթանակի մասին, բայց իրավամբ չեն էլ պատկերացնում, թե ինչ դժվար է եղել այն ձեռք բերել»,-նշեց Մանկավարժական համալսարանի նախկին դասախոս, պատերազմի վետերան Ռոզա Փաշինյանը, ով ամեն տարի միանում է Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասխոսական կազմի և ուսանողների՝ Մայիսյան եռատոնի առթիվ «Հաղթանակ» զբոսայգի կազմակերպված երթին:

Ղրիմի ռազմաճակատում երկու ամիս անցկացրած պատերազմի վետերանն այսօր կրկին հուզված է՝ 70-տարիների հեռվից դարձյալ  մտաբերում է հաղթանակի բերկրանքի պահն ու ուրախությամբ նշում՝ ողջ կյանքի ընթացքում չնայած ուշադրության պակաս չի ունեցել, շրջապատված է եղել հոգատարությամբ, սակայն իրենց հիշում և մեծարում են միայն Մայիսի 9-ին:

 Մանկավարժական համալսարանի ներկայացուցիչների բազմամարդ երթում «Հաղթանակ» զբոսայգի էր այցելել նաև բուհի Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, ով Արցախյան հերոսամարտում կռվել է Աղդամի կենտրոնական ճակատում՝ որպես պատերազմող վաշտի հրամանատար:

Տիգրան Պետրոսյանցը նախ պատմաբանի վկայությամբ ճշգրտում է՝ Հայրենական պատերազմում մասնակցած հայորդիների թիվը ոչ թե 600 000 է, ինչպես նշվում է դասագրքերում, այլ մեկ միլիոն, ապա հավելում՝ դրանցում քիչ չէին նաև աբովյանականները. որպես ուսումնական հաստատություն՝ Մանկավարժականը նույնպես  իր մեծ ներդրումն ունի այդ հաղթանակում:

 «Ճակատագրին շնորհակալ եմ, որ Արցախյան հերոսամարտի հաղթանակում գոնե մի փոքր լումա էլ ես ունեմ»,-aspu.am-ի հետ զրույցում հավելեց Տիգրան Պետրոսյանցն ու մաղթեց արժևորել նախկին հաղթանակներն ու տոնել նորերը:

m1 m2 m3 m4

Scroll Up