Մոսկվայում դիմավորել են ոտքով ճամփա ընկած 76-ամյա Գրիշա պապին (տեսանյութ)
Հաղթահարելով 2.200 կմ. այսքան ճամփա է կտրել-անցել 76-ամյա թոշակառու Գրիգորի Տեփոյանը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ։ Դեպի Մոսկվա իր մեծ քայլարշավը նա պլանավորել էր դեռևս մի քանի տարի առաջ, և այժմ, անցկացնելով 46 օր ճանապարհին, նրան վերջնակետում դիմավորել են հարազատներն ու մտերիմները, ըստ Tert.am-ի՝գրում է Life News-ը։
Օրերս «Мир» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում թոշակառուն պատմել էր՝ ինչպես է որոշել նման արշավ իրականացնել ու սկսել մանրամասն պատրաստվել: Նա մարտի 22-ին, երբ բոլորը քնել են, թաքուն լքել է Երևանի իր տունը: Մեկնել է ավտոկայան և այնտեղից ուղևորվել Վրաստան՝ իր հոր տուն, որտեղից իր հայրը ժամանակին մեկնել էր պատերազմ: Հենց այդ պատճառով է Գրիշա պապը սկսել իր արշավը: Նրան մեքենայով հասցրել են ռուսական սահման, որտեղից նա սկսել է քայլարշավը։
Հասնելով Մոսկվա՝ տարեց ճանապարհորդին դիմավորելու են եկել հայ համայնքի ներկայացուցիչները։ Գրկելով իր փոքրիկ ծոռանը՝ ճանապարհից հոգնած պապը պատմել է՝ ինչպես է 1.5 ամիս անցկացրել ճանապարհին, ում հետ է ծանոթացել և ինչն է ամենաշատը զարմացրել։
«Իմ արշավի ընթացքում ես շատ ուկրաինացի փախստականների եմ տեսել։ Անկեղծ կասեմ, երբ շփվում էի նրանց հետ, սիրտս շատ էր ցավում։ Այդ պահերին ես հիշում էի իմ մանկությունը. այն ժամանակ պատերազմ էր, իսկ պատերազմից հետո բոլորիս համար դժվար էր։ Այժմ, կարծես, խաղաղ շրջան է, սակայն մարդիկ ճանապարհներին նստած գումար և ուտելիք են մուրում»,- պատմել է նա։
Նրա խոսքով՝ Մոսկվա գալուց առաջ ինքը ստիպված է եղել շատ մարզվել, յուրաքանչյուր օր քայլել 10-20 կմ։ Ճանապարհելով նրան՝ ամենաշատն ընտանիքում լացել է կինը. անհանգստացել է, որ չի ապրի մինչև նրա վերադարձը։ Սակայն Գրիշա պապը պնդել է և վաղ առավոտյան, մինչ բոլորը քնած են եղել, ճանապարհ ընկել։
Նա առաջինը գնացել է այն գյուղ, որտեղից նրա հայրը՝ Հունան Տեփոյանը, մեկնել է պատերազմ։ 1943թ. դեկտեմբերի 7-ին կրտսեր լեյտենանտի կոչումով հայրը մահացել է մարտերի ընթացքում։ Ի հիշատակ հոր և նրա հերոսության՝ Գրիշա պապն իրականացրել է իր սեփական հերոսությունը։
Հետ վերադառնալ թոշակառուն դեռ չի պատրաստվում։ Մայիսի 9-ին նա կմասնացկի Կարմիր հրապարակի շքերթին և ծաղիկներ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին։