Ռումինահայ նախարարը ցանկանում է, որ Ցեղասպանության ճանաչմանը զուգահեռ գրվի հայ ժողովրդի զարթոնքի ծրագիրը

Ռումինիայի էկոնոմիկայի նախարար, ազգությամբ հայ Վարուժան Ոսկանյանը, բացի քաղաքական գործունեությունից հայտնի է նաև իր գրական գործունեությամբ։ Նրա «Շշուկների մատյան» գիրքը 2009 թվականին համարվել է Ռումինիայի տարվա լավագույն գրական ստեղծագործություն՝ արժանանալով Ռումինական ակադեմիայի գրական գլխավոր մրցանակին։ Սակայն գրքի հաջողություններն այդքանով չեն սահամանափակվում։ «Արմենպրես»-ը զրուցել է գրող, քաղաքական գործիչ, Ռւմինիայի հայոց միության հիմնադիր  և նախագահ Վարուժան Ոսկանյանի հետ՝ պարզելու հաջողության չբացահայտված կողմերը։

– Ձեր «Շշուկների մատյան» գիրքը լայն արձագանք է առաջացրել ինչպես Ռումինիայում և Հայաստանում, այնպես էլ աշխարհի շատ երկրներում։ Ունե՞ք արդյոք ցանկություն այն թարգմանված
տեսնելու նաև այլ լեզուներով:

-«Շշուկների մատյանը արդեն թարգմանվել է ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, երբրայերեն։ Շուտով գիրքը կթարգմանվի նաև շվեդերեն, գերմաներեն, լեհերեն, չեխերեն, հունգարերեն և բուլղարերեն, իսկ հաջորդ տարի այն կթարգմանվի նաև ռուսերեն և արաբերեն։ Կարելի է ասել, որ այն հասու կլինի ցանկացած ազգի ներկայացուցչի։

– Ի՞նչ հետաքրքրիր դիպվածներ կհիշեք գրքի հետ կապված:

– Գրքի գերմաներեն թարգամանության հրատարակությունը ստանձնեց այն հրատարակչություն, որը 80 տարի առաջ տպագրել էր Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը։ Հետաքրքիր է, որ գիրքը տպագրելիս, հրատարակչությունը նշեց, որ այս վեպը առավել զորավոր է, քան Վերֆելինը, և կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ միջազգային քաղաքական կարծիքի վրա։ Պետք է նշեմ նաև, որ Հրեա
գրողների միության նախագահ Հերցել Ակաթը հայտարարեց, որ այս գիրքը պետք է արժանանա Նոբելյան մրցանակի։ Ինձ համար մեծ հպարտություն էր, որ Հայաստանի ճակատագիրը ներկայացնող գիրքը այդպիսի գնահատանքի է արժանացել։

Վեպի նկատմամբ բացասական վերաբերմունք նկատվել է միայն թուրքական կողմից։ Անցյալ տարի աշնանը Ռումինիայում տեղի էր ունենում հայ մշակույթի օրերը, երբ ներկայացվեց նաև «Շշուկների մատյանը»։ Թուրք դեսպանը բողոքել էր Ռումինիայի արտաքին գործերի նախարարին, որ գիրքը վիրավորում է թուրք ժողովրդի զգացումները՝ խնդրելով, որ Ռումինիայի իշխանությունը չօժանդակի դրա թարգմանությունը արտասահմանում։ Թուրք պաշտոնյայի առաջարկը մերժվեց։ Դրանից հետո թուրքական իշխանությունները փորձեցին այլ երկրներում արգելել գրքի թարգմանությունը, սակայն կրկին ապարդյուն։

-«Շշուկների մատյանը» գրքում նկարագրել եք 20-րդ դարի իրադարձությունները և Հայոց ցեղասպանությունը։ Այդ դեպքերից անցել է գրեթե մեկ դար, և շուտով կլրանա Ցեղասպանության 100 տարին։ Ի՞նչ սպասելիքներ ունեք 2015 թվականին ընդառաջ։

– Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ երկու տեսակի ակնկալիք ունեմ։ Նախ ցանկանում եմ, որ ցեղասպանությունը ընդունվի մինչ տարելիցը։ Այսօր հայ ժողովուրդը կիսված է, մեր ազգի կեսը ապրում է ուրիշ աշխարհներում։ Հարկավոր է, որ մենք միանանք, ամբողջանանք։ Անհրաժեշտ է հիշել, որ Ցեղասպանության ճանաչումը նաև բարոյական հարց է։ Մարդկությունը ևս պետք է փաստի, որ
անցյալի ցավալի և արյունոտ դասերից ինչ-որ բան է սովորել։ Երկրորդ ակնկալիքս այն է, որ Ցեղասպանության ճանաչման ծրագրի կողքին ստեղծվի նոր ծրագիր՝ հայ ժողովրդի ապագայի զարթոնքի ծրագիրը։ Դա պետք է ուղեցույց հանդիսանա, թե ինչպես արտասահամանում ապրող հայերը կարողանան դիմադրել սպիտակ ցեղասպանությանը, որն ավելի վտանգավոր է։ Սպիտակ
ցեղասպանության ժամանակ չկա արտաքին թշնամի. թշնամին մեր մեջ է։

Scroll Up