Պեկինում տեղի է ունեցել Դեյնա Ուոլրաթի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքի շնորհանդեսը

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 29-ին Պեկինի «Bookworm» գրախանութում կայացել է ամերիկահայ գրող Դեյնա Ուոլրաթի (Dana Walrath) Հայոց ցեղասպանության մասին պատմող ”Like Water on Stone” գրքի շնորհանդեսը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Չինաստանում ՀՀ դեսպանությունից:
Ներկայացնելով գրքի ստեղծման նախապատմությունը՝ Դեյնա Ուոլրաթը մանրամասնորեն պատմել է դարասկզբին պատմական Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում կատարված ոճրագործությունները:
Միջոցառմանը ներկա են գտնվել դիվանագետներ, չինացի գրականագետներ և լրագրողներ:
”Like Water on Stone” գիրքը պատմում է 14-ամյա Շահեն և Սոսի երկվորյակների մասին, ովքեր մոգական Արծվի օգնությամբ ցեղասպանությունից փրկվելու համար փախչում են լեռները, երբ Օսմանյան կայսրությունում սկսվում են հայերի զանգվածային կոտորածները:
Ամերիկահայ գրող Դեյնա Ուոլրաթն իր ելույթում կարևորել է Հայոց ցեղասպանության իրողությունը օտարերկրյա լսարանին գեղարվեստական գրականության միջոցով հասանելի դարձնելը:
Միջոցառման ավարտին ներկաները բազում հարցեր են ուղղել հեղինակին:
Առաջիկա օրերին հեղինակը գիրքը կներկայացնի նաև Պեկինի մի շարք այլ հաստատություններում: