Նախագահն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ, այնուհետև՝ ՌԴ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5­-7­-ը աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Սենատում: Վաշինգտոնում նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի հանդիպումը Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ: Սերժ Սարգսյանը կայցելի Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան, կլինի նաև ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում՝ կծանոթանա գրադարանի հայկական ցուցանմուշներին:

Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը կհյուրընկալվի «Վաշինգտոն Փոստ» թերթի գրասենյակում, հանդիպում կունենա թերթի խմբագրական խորհրդի հետ: Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մայիսի 7­-ին Նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին և հանդես կգա ելույթով: Մայիսի 8-­ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70­ամյակին նվիրված միջոցառումներին:

Scroll Up