Ջութակահարների անսամբլի երախտավորը` Գևորգ Աճեմյան -90
Գարունը հագեցած է մշակութային միջոցառումներով, դրանցից մեկը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում վերջերս կազմակերպված Հայաստանի ջութակահարների ասնամբլի հիմնադիր, երկարամյա գեղարվեստական ղեկավար, ճանաչված նվագավար, երաժիշտ Գևորգ Աճեմյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հանդիսությունն էր, որին իրենց մասնակցությունն ունեցան մշակույթի, արվեստի նվիրյալներ, երկրպագուներ, հյուրեր, հարազատներ: Ինձ հաջողվեց զրուցել այդ օրերին Հայաստանում գտնվող անսամբլի ղեկավարությունն ամուսնու մահից հետո ստանձնած նրա տիկնոջ` անսամբլի առաջին ջութակահարուհիներից մեկի` Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, երաժիշտ-մանկավարժ, պրոֆեսոր Անահիտ Աճեմյանի և նրա դստեր` անսամբլի նվագակցող, դաշնակահարուհի Աննա Աճեմյանի հետ:
– Տիկի´ն Անահիտ, շնորհավորում եմ մաեստրոյի ծննդյան 90-ամյակի առիթով. կարծում եմ, որ այս հոբելյանը միայն անհատինը չէ, այլ` նաև մեր արվեստասեր հասարակայնությանը, որովհետև Գևորգ Աճեմյանով է պայմանավորված մեր երաժշտական աշխարհում ունեցած հաջողությունների մի մասը: Կպատմե՞ք միջոցառման կազմակերպական աշխատանքների մասին. ովքե՞ր օգնեցին, աջակցեցին այդ հանդիսության կայացմանը:
-Շնորհակալությո´ւն, և´ Ձեզ, և´ բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին: Հանդիսությունը կազմակերպեց ՀՀ մշակույթի նախարարությունը, այն շատ բովանդակալից էր, ներկա էին Գևորգ Աճեմյանի սերնդակիցները, նախկին աշակերտներ, բազմաթիվ հյուրեր, ընկերներ: Գրեթե 60-ամյա համույթն անցել է երկար ու վաստակաշատ ճանապարհ, ունեցել է մեծ համբավ, շատ ձեռքբերումներ, և այդ ամենի երախտավորը Գևորգ Աճեմյանն է եղել` իր պահանջկոտությամբ, երաժշտական իր բարձր գիտելիքներով, ճշտապահությամբ, աշխատասիրությամբ, որի արդյունքում Ջութակահարների անսամբլը մեծ հեղինակություն է ունեցել Հայաստանում և Հայաստանից դուրս: Անսամբլը ստեղծվել է 1958թ. և անցել ստեղծագործական բեղուն ճանապարհ: 1962թ. սկսել է իր շրջագայությունները. առաջինը Վրաստանն էր, ուր անգամ փողոցում կանգնեցնում էին խմբի երեխաներին (նոր ստեղծված խմբի առաջին ջութակահարները դեռ փոքր էին) և շնորհակալություն հայտնում ու գովեստի խոսքեր ասում, հետո գնացինք Էստոնիա, այնտեղ գործում էր մանկական հրաշալի երգչախումբ: Մի նշանավոր կոմպոզիտոր կար, ում ստեղծագործությունները պետք է կատարեր այդ երգչախումբը, իսկ մերոնք պետք է նվագակցեին: Շատ կարճ ժամանակում Աճեմյանը մշակումները կատարեց մի քաղաքից մյուսը գնալիս, ուղղակի ճանապարհին, նոտաները ծնկներին դրած… Նա մի գիշերվա ընթացքում մշակումներ էր անում և առավոտյան արդեն համարը պատրաստ էր, մի 2-3 փորձ, և հանդիսատեսին էին ներկայացնում փայլուն կատարումները: Դժվար ժամանակներ էին, քանի որ համապատասխան երաժշտական գրականություն չկար անսամբլի համար. այդ պատճառով էլ Աճեմյանը ստիպված էր ինքը մտածել ծրագրի մասին, քանի որ անսամբլի հիմնադիրը հենց ինքն էր: Փնտրում էր հայ, ռուս, արևմտաեվրոպական կոմպոզիտորների երաժշտություններն ու մշակում մի քանի տարբերակներով: աշխատում էր տանը` դաշնամուրի մոտ ժամերով նստած, ինձ էլ նստեցնում էր իր կողքը և հարցնում, թե իմ կարծիքով որ տարբերակն է ավելի լավը: Դրանով չէր սահմանափակվում. նորից ու նորից էր համեմատում տարբերակները, նվագում և նոր միայն ընտրություն կատարում: Կոմիտասի լարային քառյակի երաժիշտներից մեկը` Էդուարդ Թադևոսյանը ճիշտ է նկատել, որ դա նաև կոմպոզիտորական աշխատանք է, և Աճեմյանի մշակումները կարող են դասվել Սերգեյ Ասլամազյանի մշակումների շարքին: Աճեմյանից տարբեր խմբերից, հանրապետություններից մշակումներ էին խնդրում, և նա ոչ մեկին չէր մերժում, ուղարկում էր ժամանակին: Էստոնիայից հետո հասանք մինչև Սախալին, եղանք այլ հանրապետություններում, և ամենուր հաջողություններ գրանցվեցին:
– Խումբը միշտ նույն կազմո՞վ մնաց, թե՞ համալրվում էր:
– Երբ փոքր էին, կազմը գրեթե միշտ նույնն էր: Նրանք մեծացան անսամբլի հետ: Այդ կազմը մնաց մինչև 1970 թվականը, երբ խումբը պետական կարգավիճակ ստացավ: Երեխաներն ավարտել էին, և հարց էր առաջանում, թե ուր պիտի գնային, որտեղ պիտի շարունակեին: Այդ ժամանակ մինիստրների խորհրդի նախագահի որոշմամբ անսամբլը տվեցին Հայաստանի հեռուստառադիոպետկոմին, որն այդ տարիենրին ղեկավարում էր տաղանդավոր պատմաբան, հմուտ և իմաստուն ղեկավար Ստեփան Պողոսյանը, ով շատ բարձր էր գնահատում արվեստը: Մի անգամ կանչում է Աճեմյանին և ասում, որ խմբի կատարումները մարգարիտներ են և անհրաժեշտ է դրանցով համալրել ռադիոյի ոսկե ֆոնդը: Սկսեցինք ձայնագրություններ անել, որը շատ ավելի դժվար և նուրբ աշխատանք է: Հայ, ռուս կոմպոզիտորները սկսեցին հատուկ ստեղծագործել ջութակահարների անսամբլի համար:
–Այսօր ոսկե ֆոնդում մոտավորապես քանի՞ ձայնագրություն ունի խումբը Գևորգ Աճեմյանի մշակումների հեղինակությամբ:
-Մոտավորապես 300 գործ. ձայնագրություններ ունենք հայտնի երաժիշտ-երգիչների, դիրիժորների, սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Հրաշալի գործեր ունենք ձսյնագրած` Բախի, Վիվալդիի կոնցերտները` Մոսկվայի սիմֆոնիկ մեծ նվագախմբի կատարմամբ, որը ղեկավարում էր Իվան Շպիլլերը: Ձայնագրել ենք Արամ Խաչատրյանի «Ձոն ցնծության» հրաշալի, մոնումենտալ ստեղծագործությունը` նշանավոր երգչուհի Իրինա Արխիպովայի և դիրիժոր Խայկինի հետ, ջութակահարների պարտիան մեր անսամբլն է կատարում. ուրիշ ոչ ոք չէր կարող այդպես մատուցել, մենք անգիր գիտեինք: Փոքր աղջիկս` Մարինան, նոր էր ծնվել, երբ Արամ Խաչատրյանը եկավ ու հարցրեց մի քիչ տարակուսած, թե արդյոք Անահիտը պիտի նվագի՞… Թեև դժվար էր նորածին ունենալով շարունակել նվագել, այնուամենայնիվ, ես ասացի` իհարկե´, Արամ Իլյի´չ, կնվագեմ… Անմիջապես պատրաստվեցի և ի սեր արվեստի, Խաչատրյանի հանդեպ տածած մեծ հարգանքի` նվագեցի:
–Տիկի´ն Աճեմյան, Ձեր ամուսնու` երջանկահիշատակ Գևորգ Աճեմյանի մահից հետո Դուք և Ձեր նույնքան տաղանդավոր դուստրը` երաժիշտ-մանկավարժ, անսամբլի նվագակցող Աննա Աճեմյանը, անսամբլը ղեկավարելու ծանր պարտականությունը վերցրեցիք Ձեր ուսերին և սեփական միջոցներով մինչ այսօր պահպանում եք անսամբլը, դժվար չէ՞…
– Դեռևս իր կենդանության օրոք ամուսինս ասել է, որ իրենից հետո միայն Անահիտը կարող է շարունակել այդ գործը… 1998-ին Գևորգ Աճեմյանը կնքեց իր մահկանացուն, ես այդ պարտականությունն ինձ վրա վերցրի. անշուշտ, դժվար էր և դժվար էր ոչ միայն պատասխանատվության առումով, կար նաև մի շատ զորեղ հանգամանք` Աճեմյանին հեշտ չէր փոխարինել: Փա´ռք Աստծո, կարողացա պատվով շարունակել այդ գործը: Հանրապետությունից բացակայելուս հանգամանքների պատճառով` շուրջ 5 տարի է, ինչ Ջութակահարների անսամբլը ղեկավարում է մեծ դուստրս` Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս Աննա Աճեմյանը: Դեռևս հոր կենդանության օրոք Աննան նվագակցում էր անսամբլին. նա մեծացել է երաժիշտների ընտանիքում, մի միջավայրում, ուր ընտանիքի բարեկամներն անգամ բոլորը երաժիշտներ էին: Աննան փոխարինում է իմ բացակայության ժամանակ և փայլուն է կատարում իր գործը, դրա վկայությունը Գևորգ Աճեմյանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը ներկայացրած հրաշալի կատարումներն էին:
– Տիկի´ն Անահիտ, Ձեզ համար դժվար չէ՞ երկար ժամանակով կտրվել սիրած աշխատանքից:
– Անչափ դժվար է, որովհետև դա իմ սիրած աշխարհն է, որին միշտ կարոտում եմ ու տխրում:
– Անսամբլում այսօր քանի՞ երաժիշտ կա:
-Ութ հոգի են, Կոնսերվատորիայի 2-3-րդ կուրսի ուսանողներ են. մենք հնարավորություն չունենք մեծ խումբ պահելու, որովհետև անսամբլը գոյատևում է մեր ընտանիքի միջոցների հաշվին:
– Իսկ փորձե՞լ եք դիմել համապատասխան գերատեսչությունների` պետական կարգավիճակ ստանալու համար:
– Համերգից հետո ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոստացավ, որ անսամբլը պետական կարգավիճակ կունենա, քանի որ միակն է, անկրկնելի և երկար ճանապարհ է անցել: Միջոցառման ընթացքում իր ելույթում Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը ևս խոստացավ անսամբլը կրկին վերցնել իրենց հովանավորության տակ: Հուսով եմ և հավատում եմ, որ մոտ ապագայում այդ խոսոտումներն իրականություն կդառնան:
– Որպես մայր` ինչպե՞ս եք այսօր գնահատում անսամբլի աշխատանքը Ձեր դստեր ղեկավարությամբ:
– Իմ երկու աղջիկներն էլ երաժիշտներ են. Մարինան հետագայում մասնագիտացավ բժշկության բնագավառում, իսկ Աննան մնաց երաժշտության աշխարհում: Չեմ սիրում գովաբանել իմ երեխաներին, բայց լավ եմ զգում, երբ Աննայի մեջ տեսնում եմ հոր պահանջկոտությունը` անսամբլը ղեկավարելիս. նա կարողացել է գեղեցիկ, հնչեղ և զուսպ նորություններ ներառել խմբի աշխատանքներում:
– Ձեր կյանքի ո՞ր մասն է զբաղեցրել ու տարել երաժշտական աշխարհը, Ձեր աշխատանքը:
– Զգալի մասը. ես նվագում էի Ջութակահարների անսամբլում, երեխաներս փոքր էին, և եթե չլիներ ամուսնուս մայրը, ես չէի կարողանա աշխատել ու շրջագայել: Երախտապարտ եմ նրան:
– Երբ գալիս եք Երևան, ի՞նչ փոփոխություններ եք տեսնում:
– Դժվար է ասել այս բառերը, բայց քարեղեն Երևան եմ տեսնում, կանաչ գրեթե չկա, մարդիկ տխուր են. ես ուզում եմ, որ ժպտա մեր քաղաքը և ժպտան մարդկանց աչքերը…
– Ըստ Ձեզ ի՞նչն է պակասում հայաստանյան, երևանյան երաժշտական աշխարհի տարբեր ժանրերում:
– Պակասում է կատարողական կուլտուրան:
– Հավատո՞ւմ եք, որ մեր մշակույթը, արվեստը կրկին կապրի ծաղկման աննախադեպ շրջան:
– Հավատում եմ և վստահ եմ. մենք բոլորս պիտի տեսնենք դա:
– Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել հային:
– Միշտ աշխատասեր, ստեղծագործող, մեծ հավատքով և ապագայի հանդեպ լույսով ու հույսով:
–Ես կցանկանայի մեր զրույցին ներգրավել նաև Աննային` անսամբլի այսօրվա գեղարվեստական ղեկավարին. Ցեղասպանության 100-րդ տարելիցին ի՞նչ գործեր էիք պատրաստել:
– Կոմիտաս և միջնադարյան տաղեր. մեր երաժշտացանկը շատ մեծ է, և մենք պատրաստ էինք մեր մասնակցությունը բերելու տարելիցի բոլոր միջոցառումներին:
– Ինչպե՞ս եք հասցնում և´ դասավանդել, և´ խումբը ղեկավարել և հոգալ Ձեր միակ զավակի` Ռուբենի մասին:
– Մարդը միշտ պետք է զբաղված լինի: Հայրս ասում էր. «Զբաղվածությունը հեռացնում է տխուր մտքերից»:
– Աննա´, ի՞նչ եք ժառանգել Ձեր երաժիշտ ծնողներից:
– Խստապահանջությունն աշխատանքում, ինքդ քո հանդեպ և երեխայիդ դաստիարակության հարցում: Եթե մի գործ ես անում, պետք է շատ լավ անես կամ էլ` չանես: Լավը սահման չունի: Բարձր որակը մեր ընտանիքի սկզբունքն է եղել: Ստեղծագործական աշխատանքում միշտ պետք է պրպտումների մեջ լինես, զարգացնես գիտելիքներդ, մշտապես աշխատես: Հայրս խստապահանջությանը զուգահեռ անչափ համեստ էր. ծափահարությունների որոտից հետո էլ նա չէր սիրում բեմ դուրս գալ, երևալ հանդիսատեսին:
– Տարվա կտրվածքով քանի՞ համերգ եք ունենում և ո՞րն է Ձեր կարգախոսը երաժշտության բնագավառում:
– Մոտ 12 համերգ ենք ունենում: Իսկ կարգախոսը միշտ բարձր որակ ցույց տալն է և պատասխանատվության մեծ զգացումը, հանդիաստեսին գոհացնելը:
– Գիտեմ, որ Ձեր երախտիքը Ձեր ծնողի` հանրաճանաչ երաժիշտ Գևորգ Աճեմյանի հիշատակի արտահայտել եք գրքերի տպագրությամբ:
– Այո´: Դա մի գործ է, որն անհրաժեշտ է երաժիշտներին, ապագա սերունդներին և, այո´, երախտիքիս արտահայտչամիջոցն է. 5 հատոր եմ տպագրել «Կոմիտաս» հրատարակչության միջոցով: Դրանք Գևորգ Աճեմյանի մշակումներն են, որոնց վերջին հատորը վերջերս է լույս տեսել: Իմ հեղինակած գիրքը` «Երգող ջութակներ», ևս տպագրվեց:
– Շնորհակալությո´ւն, Անահիտ և Աննա Աճեմյաններ: Շուտափույթ պետական կարգավիճակ եմ մաղթում անսամբլին և ևս 60 տարվա ստեղծագործական կյանք:
Կարինե Ավագյանը