Ադամ Շիֆը ողջունել է Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատական հայցի ներկայացումը

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ողջունել է Թուրքիայի Սահմանադրական դատարան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դատական հայցի ներկայացումը, որով կաթողիկոսարանը պահանջում է իրեն վերադարձնել իր ունեցվածքը: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
«Օսմանյան կայսրության թալանած այս հնագույն և սրբազան տարածքը հարյուր տարի անց պետք է վերադարձվի իր օրինական տերերին: Հայերն իրավունք ունեն բոլոր օրինական ուղիներով հետամուտ լինելու արդարության հաստատմանը և ձգտելու վերադարձնել այն, ինչ իրավամբ իրենց է պատկանում», ասել է կոնգրեսականը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28ին դատական հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսն իր պատմական կաթողիկոսարանին վերադարձնել:
«Հայոց ցեղասանության 100-րդ տարելիցի առիթով մեր ազգային պահանջատիրությանն ավելի գործնական արտահայտություն տալու հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն իր պատգամների մեջ հաճախակի հիշեցրել է հատուցման վրա շեշտը դնելու հրամայականը: Այս շրջանակներում Սիսի կաթողիկոսարականի և ազգապատկան ու եկեղեցապատկան տարածքների վերադարձը կարող է կարևոր քայլ դառնալ՝ համարվելով մեր ժողովրդի տարածքները վերադարձնելու և ոտնահարված իրավունքները վերականգնելու առաջնորդող: Ահա այս հավատքով ու հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը որոշեց դատ բացել Թուրքիայի Սահմանադրական դատարանում: Նախորդ երկու տարիների ընթացքում դատական պատրաստության աշխատանքին միացել է թուրքական ու միջազգային դատավարական օրենքների մասնագետներից բաղկացած հանձնախումբ՝ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ», ասված է կաթողիկոսության հայտարարության մեջ: Սիսի հայոց կաթողիկոսարանի վերադարձը պահանջելու և Թուրքիայի ՍԴ դիմելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջին անգամ հայտարարել է «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5րդ համաժողովի բացմանը: