Ծաղկաշատում կայացել է ժենգյալով հացի փառատոն. (լուսանկարներ)

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում այսօր Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղի Նիկոլ Դումանի տուն-թանգարանի տարածքում առաջին անգամ կազմակերպել է «Ժենգյալով հացի փառատոն»: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Արցախպրեսից:

Փառատոնին  Արցախի տարբեր շրջաններից ներկայացել են   ժենգյալով հացի պատրաստման գործում հմուտ և արհեստավարժ մասնակիցներ:

Ինչպես նաև ներկայացվել է Ժենգյալով հացի պատրաստման ողջ գործընթացը, որն ուղեկցվել է ուտեստի հետաքրքիր մատուցմամբ: Փառատոնը ուղեկցվել է ավանդական հյուրասիրությամբ, հետաքրքիր խաղ-մրցույթներով, համերգային ծրագրով և արցախյան մշակույթը ներկայացնող այլ միջոցառումներով:

Միջոցառմանը լրագրողների հետ ճեպազրույցում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ փառատոնի նպատակն է՝ արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումն ու հանրահռչակումը, ազգային ավանդույթների, սովորույթների, ազգագրական առանձնահատկությունների հանդեպ հոգածության և հարգանքի արմատավորումը:

«Ժենգյալով հացը արցախյան խոհանոցի «այցեքարտ»-ն է ,որը մենք պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել  և մեր հաջորդ սերունդներին փոխանցել մեր ավանդույթները, որովհետև նաև այդպես է Արցախը ճանաչելի դառնում աշխարհին»,-ասել է Ն. Աղաբալյանը և հավելել, որ նման միջոցառումները շարունակական են լինելու։

Առջևում է «Խնոցու փառատոն»-ը, որը կկայանա Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանում։ Նախարարի խոսքով՝ այս փառատոները լինելու են ավանդական և ամենամյա, որոնք կազմակերպվելու են տարբեր համայնքներում։ Այս միջոցառումները արդեն իսկ մշակութային քաղաքականության անքակտելի մաս են կազմում, որը  նաև  նպատակ ունի  բարձրացնել Արցախի մշակութային և զբոսաշրջային գրավչությունը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ասկերանի շրջանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի կազմակերպիչ Նինել Գաբրիելյանը   նշել  է, որ այսօր նշանակալի միջոցառում է տեղի ունենում Ծաղկաշատում, որտեղ հավաքվել են հայեր՝ աշխարհի տարբեր վայրերից։

«Սա նաև պատգամ է հայությանը՝ պահելու և պահպանելու ազգային արժեքները, որոնք մեր մշակույթին մոտիկից ծանոթանալու ազդակ են»,- նշել է Ն. Գաբրիելյանը։

«Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կազմակերպված ուխտագնացուցթյամբ ենք այստեղ։

Արդեն 12 տարի է եղբորս Կարեն Բենյասյանի հետ միասին սկսել ենք բարեգործական ծրագրեր իրագործելու  և    գյուղի բնակչության կենսամակարդակը բարելավելու  համար։

Առաջիկայում նախատեսում ենք աշխատանքներ տանել՝    աջակցելու համար  պետական սահմանի ամրապնդման գործին»,- մասնավորապես ասել է Լոս Անջելեսի Հայ օգնության միության   գրասենյակի տնօրեն Ժասմեն Ճառահյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը,  փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից, արրտերկրից, ինչպես նաև այլ շրջաններից ժամանած արցախցիներ։

 

Scroll Up