Իսպանիայի հայկական ապագան

Մահմեդական աշխարհին ու արաբական մշակույթին դարերի ընթացքում ընտելացած իսպանացուն դեռ բոլորովին վերջերս Հայաստան և հայ անունները ոչինչ կամ գրեթե ոչինչ չէին հուշում: Դեռ ավելին՝ հայերս դասվում էինք moro-ների շարքը, որոնք նույն այդ դարերի խորքից Իբերիա թերակղզում, իրենց մշակույթի հետ, նաև ջարդի, ավերածության ու հալածանքի հետքն են թողել: Ասել է թե՝ պատկերացում կարելի է կազմել, թե վատ համբավի տիրոջ մինչև ո՛ր աստիճանը պիտի հասներ հայը, եթե կրեր մուսուլման «մորոյի» դրոշմը:

   Իսպանիայում դարեր տևած արաբական լուծը բնիկներին ստիպել է, թերևս, մոռանալ թերակղզում հազարամյակների խորքից եկող հայկական հետքը: Այլապես ինչպե՞ս հասկանալ այն պատմական փաստի անտեսումը, համաձայն որի թերակղզու առաջին բնակիչները եղել են հայերը (Իսաբա բնակավայրի քարանձավներում հայտնաբերված կմախքների մեծամասնությունը պատկանում է արմենոիդ ռասային): Վերոհիշյալի ճակատագրին է կարծես արժանացել նաև բասկերի հայկական ծագման մասին առկա վավերագրությունը, որը չգիտես ինչու գրեթե ոչ մի տեղ չի գրավում իսպանական պատմագրության մեջ: Կամ ինչպե՞ս կարելի է մոռացության մատնել XIV դարի առանցքային նշանակություն ունեցող պատմական այն անցքը, երբ Կիլիկիայի վերջին թագավոր Լևոն VI-ին շնորհվեց Մադրիդի առաջին և ցայսօր միակ իշխանի տիտղոսը՝ քաղաքն ու նրա շրջակա տարածքները նրան նվիրաբերելուց հետո: Մեծ հայտնագործությունների ժամանակագրությունն անտեսել է նաև մի հետաքրքրաշարժ պատմական փաստ. Կոլումբոսի արշավանքներից մեկի ժամանակ նրա նավում էր գտնվում նաև հայ հոգևորական Հովհաննես Սեբաստացին, ում շնորհիվ հնդկացիների հետ շփման 7 լեզուներից մեկը եղել է հայերենը:

   Անհավանական է թվում այն, որ ամենակաթոլիկ երկիր համարվող Իսպանիայի ներկայիս եկեղեցագիտությունը մեծ տեղ չի հատկացնում կադիսահայերին, որոնց շնորհիվ հիմնականում կանխվեց տարածաշրջանի լրիվ մահմեդականացումը:

   Այս ամենը կարծես անվերադարձ ջնջվել է իսպանացիների հիշողությունից: Մինչդեռ հենց սա պիտի հանդիսանար թերակղզու հայկական անցյալի փայլուն ապացույցը, նույն այն անցյալի, որն այնուամենայնիվ իր անջնջելի հետքը թողեց Արալար, Արաքսես, Արամ, Էրմինիա, Արագոն աշխարհագրական անունների և Արմենդարիզ, Արմենտերոս, Արշալույս, Արշակ, Այթոր և այլ անձնանունների վրա: Նույն այն անցյալի, որի շնորհիվ այլևս հարկ չէր լինի բացատրել իսպանացիներին, որ Արմենիան Ալբանիա չէ, ոչ էլ Ռոմանիա (Ռումինիա) և ոչ էլ, առավել ևս, Մարոկկո կամ Ալժիր: Այլևս կարիք չէինք զգա իսպանաբնակ հայերս բացատրել տեղացիներին, որ հայկական ինքնության առաջին և կարևոր ապացույցներից մեկը ազգանվան «յան» վերջավորությունն է և որ Արա Մալիկյանը, Սիրուն Դեմիրչյանը, Ջիվան Միրզոյանը, Հովհաննես Էմիրխանյանը, Լիլիթ Մանուկյանը, Արա Սիմոնյանը, Արթուր Ղուկասյանը, Ռայմոնդ Նակաչյանը, Անի Խաչատրյանը, Էլֆրիդ Հովհաննիսյանը, Սեդա Ղազարյանը, Մարինե Արզումանյանը և այլոք իսպանաբնակ հայեր են: Ահա Իսպանիայի հայկական անցյալի ներկայիս շառավիղը, որը ճանապարհ պիտի հարթի եկող սերնդի համար:

Այդ ճանապարհին դեռ շատ անելիք կա. նոր սերունդը դեռ պիտի կարողանա վերջնականապես ազատվել «մորո» կամ «ռուսական մաֆիա» պիտակներից, հաստատել հայի ինքնությունը և հասնել ֆրանսիական ու ամերիկյան դասական Սփյուռքի մակարդակին: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի վանել իսպանացուց «հայից զգուշանալու» մտավախությունը և համոզել նրան, որ ամենևին էլ զարմանալի չէ հանդիպել հայի, ով ավելի տաղադավոր է, զարգացած և ունակ, քան միլիոնավոր իսպանացիներ: Եվ որ դժվար չէ արտասանել քաղաքապետի, մարզպետի, իրավաբանի կամ մարզիկի պաշտոնում փայլող Սահակյան, Գասպարյան, Առաքելյան կամ, նույնիսկ, Ջուլֆալակյան ազգանունները: Ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես ֆրանսիայում է կամ Ամերիկաներում, ուր տեղացիները հպարտանում են համաշխարհային հռչակ ունեցող Ազնավուր ու Շեր, Վերնոյ ու Մամուլյան, Աղասի ու Ջորկաև, Լեգրան ու Սարոյան անհատականություններով:

   Ահա սա՛ է իրականությունը, սիրելի՛ իսպանացիներ, անխուսափելի մի իրականություն, որի մեղավորներին պետք է փնտրել մեր երբեմնի հայրենիքում դարեր առաջ անկոչ հյուրի ու բռնակալի կարգավիճակով հաստատված ցեղասպան մի մարդաոհմակի մեջ, որի գազանները հոշոտեցին ու ստիպեցին հազարամյակներով իր հողին կառչած մի ստեղծարար ժողովրդի ցիրուցան լինել աշխարհով մեկ: Եվ ինչպես մեծն բանաստեղծ Էմինը կասեր՝
Ձեզ ո՞վ էր ասում
Մեզ սեղմեք այնքան,
Որ մենք ստիպված ադամանդ դառնանք:
Ո՞վ էր ստիպում
Մեզ աստղերի պես ցիրուցան անեք,
Որ միշտ մեզ տեսնեք՝
Ուր էլ որ գնաք:

Այնպես որ, սիրելի իսպանացինե՛ր՝ իբերների (ի վերի՝ վերևի հայերի) հետնորդներ, Դոն Կիշոտի ուղեկից-ճամփորդներ, սովորե՛ք արտասանել հայերի ազգանունները: Նրանք ավելի հարազատ են ձեզ: Հապա մի նայե՛ք այս երեխաների դեմքերին: Այս պոլիգլոտները, ի տարբերություն միլիոնավոր իսպանացիների, առնվազն երեք լեզու գիտեն: Նրանք ձեր ներկան են, որ հիշեցնում են ձեր իսկ անհիշելի անցյալի մասին, որը, ճակատագրի բերումով, մոռացել եք: Լա՛վ հիշեք նրանց. նրանք Իսպանիայի հայկական ապագան են:

Արարատ Ղուկասյան (Վալենսիա, Իսպանիա)

OLYMPUS DIGITAL CAMERA

SAMSUNG DIGITAL CAMERA

Scroll Up