Ընդունելով անցյալը. Huffington Post-ի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը

Արաբա-ամերիկյան ինստիտուտի ղեկավար Ջեյմս Զոգբին Huffington Post ամերիկյան համացանցային պարբերականում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը։

 «Ընդունելով անցյալը» վերնագրված հոդվածում նա նշել է, որ իր նախորդ հոդվածից հետո թուրքական տարբեր խմբերի հարձակմանն է ենթարկվել։

«Քննադատությունը լավ է, եթե այն կառուցողական է և կարող է խթանել քննարկումը։ Ցավոք, որոշ նամակներ, որ ստացա թուրքական խմբերից, կառուցողական չէին»,- գրել է նա։

Հոդվածագիրը նշել է, որ 1915-ի սկզբին հայ ժողովուրդն Օսմանյան կայսրությունից աքսորվել, կոտորվել ու մահվան է ուղարկվել։ Նրանց մշակույթն ու ժառանգությունն իրենց հնագույն հայրենիքից ջնջվել է։

«Պատմությունը հայ ժողովրդի կողմն է։ Եվ 100 տարի անց Օսմանյան կայսրության վերջին օրերին տեղի ունեցածի վերաբերյալ իմացողների թիվն ավելանում է։ Բայց, ի վերջո, ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումն արդարություն չի հաստատելու կամ չի վերադարձնելու հայ ազգի զոհերին։ Դա տեղի կունենա միայն, երբ Թուրքիան ի վիճակի լինի ընդունել ու հաշտվել սեփական անցյալի հետ, և դա հենց այն է, ինչ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել թուրքերին»,- գրել է նա։

Այդ հարցում ի հայտ է եկել դրական տեղաշարժ։ Հեղինակը հիշեցրել է, որ անցյալ տարի դեռևս վարչապետ եղած ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպանություններն «անմարդկային» էր որակել ու ցավակցել էր հայ զոհերի ընտանիքներին։ Այժմ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նույնն արել է անցյալ շաբաթ՝ ավելացնելով, որ թուրքերը հասկանում են հայերի ցավը։

Scroll Up