Լիբանանահայերը մինչեւ Հայաստան գալը շրջել են պատմական հայրենիքում

Մասնագիտությամբ ռեժիսոր ու արդեն քսան տարի Լիբանանի «Աղթամար» ընկերակցության նախագահ Օնիկ Քանթարջյանը կրկին Հայաստանում է:

armradio.am-ի փոխանցմամբ՝ ապրիլյան այս օրերին նա հայրենիքում է  ոչ միայնակ: «Ոչ չպիտի մոռնանք » կարգախոսով  նրանք մինչ Երևան ժամանելը  100  հոգով նախ շրջել են պատմական հայրենիքում, անցել բոլոր այն վայրերով, որտեղ 100 տարի առաջ սպանդի էին ենթարկվել  մեր հայրենակիցները: Խունկ ու անմոռուկ, լիբանանահայերը խնկարկել ու անմոռուկներ են փակցրել  Անիի ավերակների վրա, մզկիթի վերածված  Մշո առաքելոց վանքի պատերին:

Լիբանանի «Ախթամար»  ընկերակցության  նախագահ Օնիկ Քանթարջյան.«Մենք Արաքս գետի ափին մեծ խնկարկություն  արեցինք, Անիի Կենտրոնական եկեղեցում պատարագ արեցինք, պատարագ արեցինք Սուրբ Խաչ Աղթամարա կղզու մեջ: Տարբեր տեղեր ծաղկեփնջեր թափեցինք՝ Վանա լճին վրա, Էրզրումի լեռներում, օդապարիկներ բաց թողեցինք ՝ վրաները անմոռուկներ»:

Պատմական հայրենքիում՝  ինչպես տանը,  լիբանանահայերը  շրջել են հոգու  և արյան կանչով, ազգայինն ու հայրենասիրականը միահյուսված ու  մի պահ միայն երկընտրանքով՝ գնել թուրքական արտադրանք , թե ոչ: Վարանումը, սակայն, միայն մի պահ էր՝ Բայազետը թուրքերինը չէ,  այն մերն է,  Բայազետի հյուրանոցում  վաճառվող  մեղրը հայկական  լեռնաշխարհի ծաղիկներից է քամվել:  Պատմական հայրենիքից նրանք Հայաստան են եկել հանգստացած հոգով ու  հստակ եզրահանգմամբ՝  «Մենք մեր մեջ պետք է հարություն առնենք. հետ միայն պահանջատեր պետք է լինենք»:

«Պահանջատեր, եթե լինի թույլ մեկը, իր պահանջատիրությունը այնքան էլ ուժ չի ունենա: Մենք հզոր ազգ ենք, բայց մեր հզորության ներուժը դեռևս մենք չենք վերագտել, երբ որ վերագտնենք, մեր պահանջատիրությունը շատ ավելի հզոր կլինի, մենք ավելի շուտ տեղ կհասնենք»:

Հայերիս պատմական հայրենիքի տարաշծքում հզորացած Թուրքիա տնտեսական զարգացումը զրուցկացիս տխրեցրել է, սակայն, այդ տխրությունն ի չիք է դարձել, երբ  հատել են ազատ ու անկախ Հայաստանի սահմանը: Հայրենիքից նրանք հեռանում են՝ Հիշելու և պահանջելու  հստակ գիտակցմամբ:

Scroll Up