Հայաստանը սուրբ Վլասի հայրենիքն է

«Հայաստանը սուրբ Վլասի հայրենիքն է» գիրքը ռուսաստանցի խորվաթագետ Ա.Ռ.Բաղդասարովի և խորվաթ պատմաբան Վ.Բ.Լուպիսի համատեղ աշխատությունն է: Այն նվիրված է Հայաստանի պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև հայ-խորվաթական` անցյալի և ներկայի հարաբերություններին:

Գիրքը պարունակում է բազմաթիվ նկարազարդումներ և բաղկացած է ներածությունից, վեց մասից, վերջաբանից, գրականության ցանկից, հեղինակների համառոտ կենսագրություններից, խորվաթերեն, հայերեն, ռուսերեն, անգլերեն ամփոփումներից:

Գրքի առաջին չորս մասում ներկայացված են հիմնական տեղեկություններ Հայաստանի, հայոց լեզվի, մշակույթի, եկեղեցու, գրատպության, մանրանկարչության, միջնադարյան խաչքարերի, դուդուկի մասին, որոնք համեմված են հայ ժողովրդի մշակույթն արտացոլող առածներով:

Այն ներառում է հոգևոր և աշխարհիկ ճարտարապետության կոթողների` Համբերդի, Հառիճավանքի, Արուճի, Հաղպատի, Գառնիի, Գեղարդի, Գոշավանքի, Երևանի, Երերույքի, Զվարթնոցի, Զորաց քարերի  (Քարահունջ), Կարմրավորի, Կեչառիսի, Քոբայրի, Մակարավանքի, Մարմաշենի, Մատենադարանի, Նորավանքի, Հովհանավանքի, Օձունի, Սաղմոսավանքի, Սանահինի, Սևանավանքի, Տաթևի, Խոր Վիրապի, Էջմիածնի նկարագրությունը, ինչպես նաև ծանոթություն պատմական քաղաքների հետ` Անի, Մուշ, Սեբաստիա, Սիս: Ընթերցողը կգտնի նաև տեղեկություններ ազգային պատմության, գիտության և մշակույթի առանձին ներկայացուցիչների մասին, որոնց թվում` Գրիգոր Լուսավորիչ, Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Անանիա Շիրակացի, Մխիթար Հերացի, Թորոս Ռոսլին, Հովհաննես (Իվան) Այվազովսկի, Կոմիտաս, Գարեգին Նժդեհ:

 

Գրքի հինգերորդ և վեցերորդ մասը նվիրված է հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից մեկին` Մեծ Եղեռնին, որի հետևանքով Օսմայան տիրապետությունում ապրող  երկու միլիոն հայերից մոտ մեկ ու կես միլիոնը ոճրագործության զոհ դարձավ, իսկ կենդանի մնացածները տեղահանվեցին, սփռվեցին աշխարհով մեկ: հինգերորդ մասում զետեղված է նաև հայ ոսկերչական արվեստի պատմությանը նվիրված հոդված: Հեղինակները հատուկ ուշադրության են արժանացրել հայ-խորվաթական ազգային -մշակութային և հոգևոր առանձին կապերի բացահայտմանը: Այդ թվում են` Դուբրովնիկ քաղաքի հովանավոր սուրբ նահատակ Վլաս Սեբաստացին (վախճ. մոտ . 316) `հայ. սուրբ Բարսեղ, ռուս. Վլասի Սեբաստիյսկի; Ինոկենտի 12-րդ պապի և Կլիմենտ 11-րդ պապի անձնական բժիշկ, եվրոպական հայտնի տեսաբան Ջուրո Արմեն Բաղլիվին` Դուբրովնիկից; Եվրոպայում` հայ ժողովրդի պատմության առաջին գրքերից մեկի հրատարակիչ, ճիզվիտ Իոսիպ Մարինովիչը`Պերաստից, ինչպես նաև Վենայի Մխիթարյան միաբանության գործունեությունը, նվիրված խորվաթերեն և այլ լեզուներով գրքերի հրատարակմանը:

Գրքի հեղինակները, ընթերցողին ներկայացվող թեմաներով, խորվաթերեն մի շարք աշխատություններ են հրատարակել, որոնցից մի քանիսը նշված են գրականության ցանկում: Հուսով ենք, որ մեր գիրքը կնպաստի Հայաստանի և Խորվաթիայի ժողովուրդների միջև  բարեկամության հաստատմանն ու ամրապնդմանը, կպահպանի և կբազմացնի անցյալի, ներկայի և ապագայի հոգևոր ու մշակութային արժեքները:

«Հայաստանը սուրբ Վլասի հայրենիքն է»  գիրքը գիտահանրամատչելի բնույթ է կրում, նախատեսված է հայ-խորվաթական կապերով, հայ մշակույթով ու պատմությամբ հետաքրքրվողների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակների համար:

Հեղինակները խորին շնորհակալություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց օգնությունն են ցուցաբերել այս գրքի հրատարակման գործում` Ն.Ասատրյան, Ե.Վարզիչ, Ա.Գիվարգիզյան, Բ.Մատուլիչ, Մ.Նոսիչ, Զ.Պրոսոլի, Կ.Պրոսոլի, Ի.Ստեպիչ, Տ.Շեպարովիչ:

Scroll Up