Կոմիտաս և Խաչատրյան՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում
Վաղը՝ ապրիլի 23-ին, Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող միջոցառում: Հիշատակի արարողությանը ելույթ կունենա համաշխարհային ճանաչում ունեցող կանադահայ դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը, ով կկատարի հայ երաժիշտների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական մեղեդիներ:
«Սփյուռքի տարբեր կենտրոններից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռնարկներին իբրև բանախոս կամ դաշնակահար մասնակցելու բազմաթիվ հրավերներ էի ստացել, բայց որոշեցի գնալ Դիարբեքիր երկու կարևոր պատճառով:
Առաջին՝ ցեղասպանության ամենավայրագ վայրերից մեկը եղել է Դիարբեքիրը, որտեղ ոչնչացվեց հայ բնակչության մոտ 97 տոկոսը: Այդ նույն վայրում նրանց կորուստը Կոմիտասի և Խաչատրյանի երաժշտությամբ ոգեկոչելը մեծ իմաստ ունի ինձ համար:
Երկրորդ՝ Ցեղասպանությունից 100 տարի հետո, թաքուն հայերի թոռները քաջություն ունեցան վերահաստատվելու իբրև հայ, որն առաջին անգամ իրականացավ Դիարբեքիրում՝ շնորհիվ Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաշինության, հայերենի դասընթացների կազմակերպման և «Արի տուն» ծրագրի շրջանակներում դեպի Հայաստան կատարած պտույտի:
Ինձ համար կարևոր է ո´չ միայն մեր նահատակների հիշատակի ոգեկոչումը, այլ նաև այս համերգով մեր նոր հայերի վերածնունդը տոնել»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Րաֆֆի Պետրոսյանը: 2012 թվականին Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացումից հետո առաջին ելույթը եկեղեցում ունեցել է Րաֆֆի Պետրոսյանը:
Համերգից առաջ Սուրբ Կիրակոս եկեղեցում տեղի է ունենալու բազմաթիվ գաղութներից բերված մոմերով ոգեկոչման արարողություն:
«Առաջին համերգը եկեղեցիի վերաբացումից հետո էր, երբ զանգակատունը դեռ չէր կառուցվել: Համերգը եկեղեցում առաջին մշակութային ելույթն էր, որը զանգակատան շինարարության ծախսերին օժանդակելու և եկեղեցին՝ որպես ապրող մշակութային կենտրոն գոյատևելու համար էր կազմակերպվել:
Այս անգամ զգացողություններս այլ են. անչափ հուզիչ է ինձ համար վերածնված հայերի հետ միասին ոգեկոչել անցյալը և 100-րդ տարելիցի շեմին տոնել ապագան՝ հայ երաժիշտների մեղեդիներով»,-եզրափակեց իր խոսը Րաֆֆի Պետրոսյանը: