Հայ ըմբիշները հինգ մեդալ են նվաճել Դոնի Ռոստովի մրցաշարում
Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում կայացած Սամուրղաշև եղբայրների անվան հունահռոմեական ոճի հոբելյանական՝ 15-րդ պատանեկան միջազգային մրցաշարում ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ հանդես եկած Հայաստանի 13 ըմբիշից հինգին հաջողվեց կանգնել պատվո պատվանդանին:
46 կգ քաշային Սերգեյ Սիմոնյանն ու 54 կգ քաշային էջմիածինցի Էդգար Թամազյանը դարձան մրցաշարի հաղթողներ: Էդգարը եզրափակիչ տանող ճանապարհին հաղթեց նաև այս քաշային կարգում երրորդ տեղը գրաված Արարատ Մանուչարյանին: Բրոնզե մեդալակիր դարձավ նաև 63 կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ 76 կգ քաշային Արսեն Սարգսյանը տանուլ տվեց միայն եզրափակիչ գոտեմարտը և բավարարվեց երկրորդ տեղով:
Ըմբշամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մրցաշարի վերաբերյալ կարծիք հայտնեց նաև ՀՀհունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, մրցաշարի պատվավորհյուր Լևոն Ջուլֆալակյանը. «Շատ բարձր մակարդակով կազմակերպված մրցումներ էին: Բարձր էր նաև մարզիկների մակարդակը: Իսկ Հայաստանի պատանի ըմբիշները պարզապես լավ հանդես եկան: Ինքներդ պատկերացրեք՝ 13 ըմբիշից 10-ը պայքարեցին մեդալի համար: Տղաների մեջ տեսա ներուժ, որը զարգացնելու դեպքում լուրջ հաջողություններ կգրանցեն»: