«Իմ հարությունը»․ միջոցառում՝ նվիրված Սուրբ Հարության տոնին

«Հայորդյաց տան» Հայ Առաքելական Եկեղեցու Քրիստոնեական առարկայի ուսուցիչներ Աշոտ Ավետիսյանը և Հայկուհի Չոբանյանն այս տարի յուրօրինակ ձևաչափով էին կազմակերպել Սուրբ Հարության տոնին նվիրված ամենամյա միջոցառումը, այս մասին Մոսկվայից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Արմինե Կարեյանը: Նրանք Սբ․ Պայծառակերպություն եկեղեցու բակում տեսահարցում էին կատարել՝ պարզելու համար, թե ինչ խորհուրդ ունի հայորդիների համար Սուրբ Հարությունը։ Բացի այդ, «Հայորդյաց տան» սաներին առաջարկել էին իրենց հուզող դավանաբանական հարցերը գրել թղթի վրա, ապա դրանք քննարկել «Իմ հարությունը» խորագրով միջոցառման ժամանակ և եկեղեցու սպասավորներից լսել իրենց հուզող հարցերի պատասխանները։

Տեսահարցման ընթացքում հարցերի միջոցով փորձ էր արվել պարզել, թե հարցվողի համար ինչ խորհուրդ ունի Հիսուս Քրիստոսի Հարությունը, ինչ տվեց այն մարդկությանը և ինչպես է յուրաքանչյուրը պատկերացնում իր հարությունը, արդյոք կարժանանանք այդ օրհնությանը և որն է աստվածահաճո կյանքը։ Միջոցառման ձևաչափը բավական հետաքրքել էր նաև կրթօջախի հետ կապ չունեցողհյուրերին։

Երեկոյի ընթացքում միոցառման կազմակերպիչներին ուղղված հարցերը հիմնականում ներկայացված էին անձնական օրինակով և նպատակ ունեին պարզել, թե ինչու է մարդուն տրվում այս կամ այն փորձությունը և ինչպես է անհրաժեշտ վարվել ներկայացվող օրինակներում։

Այն հարցին, թե ինչու ընտրվեց միջոցառման նման ձևաչափը՝ Աշոտ Ավետիսյանը պատասխանեց․ «Բեմականացված միջոցառումներն ազդում են մարդու հուզական աշխարհի վրա, սակայն դրանք նրան հուզող հարցերին պատասխան տալ չեն կարող։ Իսկ դասաժամի 40 րոպեն քիչ է սաների հարցերին ամբողջությամբ անդրադառնալու համար։ Այդ պատճառով որոշվեց միջոցառումն անցկացնել հարց-պատասխան ձևաչափով, որի ընթացքում կքննարկվեին հնչած բոլոր հարցերը։ Ինչպես տեսաք՝ հարցերը բավական բազմաշերտ և շատ էին, իսկ միջոցառումը տևեց շուրջ երեք ժամ։ Ինչը նշանակում է, որ մոսկվաբնակ հայ հասարակությունը նման միջոցառումների կարիքը զգում է»։

Ինտերակտիվ միջոցառման կազմակերպիչները հարցերում բովանդակային սահմանափակում չէին դրել, քանի որ, ինչպես Հայկուհի Չոբանյանը նշեց՝ հայորդիներից շատերը կաշկանդվում են մոտենալ հոգևորականին և նրանց ուղղել իրենց հուզող հարցերը, իսկ նման միջոցառումները նաև անանուն կերպով հարցն ուղղելու և դրա պատասխանը ստանալու հնարավորություն են տալիս։

Հնչած հարցերին պատասխանում էին Դավիթ Բեկնազարյանը և Աշոտ Ավետիսյանը, իսկ հանդիպմանը հետաքրքությամբ հետևում էր «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը, ով միջոցառման ավարտին ամփոփեց հնչած պատասխանները և ողջունելի համարեց նմանօրինակ հանդիպումները։

«Պետք է փաստենք, որ այսօր հնչեցին բազմատեսակ հարցեր և պատասխաններ։ Հանդիպման նման ընթացքը ցույց տվեց, որ նման քննարկումները սպասված և անհրաժեշտ են։ Այս միջոցառումը մեկնարկ համարելով՝ կարող ենք նմանօրինակ հանդիպումների շարք սկսել, որտեղ կպատասխանվեն հնչած հարցերին։ Շնորհակալությունս եմ ցանկանում հայտնել միջոցառման կազմակերպիչներին, քանի որ այն իսկապես շատ ուսուցանող և հետաքրքիր ստացվեց»,- ասաց Տեր Առաքել քահանա Ամիրյանը՝ հավելելով, որ այսօր հայ ժողովուրդը քայլ առ քայլ վերադառնում է իր արմատներին և դրան նպաստող հանգամանքներից մեկն էլ Հայաստանի հանրակրթական դպրոցներում Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումն է, որը յուրօրինակ միջոց է դեռ դպրոցահասակ սանին ներկայացնել ոչ միայն Եկեղեցու անցած ուղին, այլև ծանոթացնել դավանաբանությանը։ Իսկ հայրենիքից հեռու մեծացող հայորդիները նման դասընթացների կարող են մասնակցել «Հայորդյաց տանը»։

Scroll Up