Եվրախորհրդարանի պատգամավոր. Բանաձևը կբացի թուրքական ղեկավարության աչքերը

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը կարող է Թուրքիային օգնել ընդունել սեփական սխալներն ու անցյալի հանցագործությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր, Կանաչների և Եվրոպական ազատ դաշինքի խմբի անդամ Բարտ Ստաեսը:
Նա նշել է, որ ուրախ է բանաձևի ընդունման կապակցությամբ: «Ես Եվրախորհրդարանի առաջին բանաձևի կողմնակիցներից եմ եղել, որի հիմնական զեկուցողը պատգամավոր Ժակ Վանդեմյուլեբրուքն էր: Շատ կարևոր է, որպեսզի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչվի: Հույս ունեմ, որ Եվրախորհրդարանի այս բանաձևը կբացի թուրքական ղեկավարության աչքերը»,- ընդգծեց Բարտ Ստաեսը:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բրյուսելում Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունեց, որում Թուրքիային կոչ է արվում 1915 թվականի դաժանությունները որպես ցեղասպանություն ճանաչել, առերեսվել սեփական անցյալի հետ և շարունակել ջանքեր գործադրել հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման ուղղությամբ: