Եղիցի լույսը՝ Սիոնի բարձունքում

Նանսիի հայ համայնքը՝ Արթուր Ավետյանի ղեկավարությամբ, ՀՀ Սփյուռքի նախարարության, Էջմիածնի քաղաքապետարանի հետ համատեղ, ապրիլի 11-ին ֆրանսիական Կոլին դը Սիոն սրբավայրում տեղադրեցին «Եղիցի լույս» անունը կրող խաչքարը:
Խաչքարի բացման արարողությանն իրենց մասնակցությունն էին բերել Փարիզից ՀՅԴ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Այս գործում իրենց մեծ ներդրումն ունեն նաև ֆրանսիացի հոգևորականներ Ժան Փոլ Կլանը, ինպես նաև հոգևոր հայր Ալեքսանդրը և հոգևոր հայր Փանոն:
Ողջույնի իր խոսքում Արթուր Ավետյանը նշեց.«Ես կցանկանայի, որ այս խաչքարը մեր քրիստոնյա առաջին պետության, ինչպես նաև Ցեղասանության զոհերի հիշատակի հավերժացման խորհրդանիշը դառնա, միևնույն ժամանակ միավորի տեղի հայությանը»: Այս առիթով իր ողջույնի խոսքում, հղված Նանսիի հայ համայնքին, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշել էր.«Մի քանի օրից լրանում է Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը, և այս խորապատկերի վրա առավել կարևոր է Ձեր հայրենասիրական ձեռնարկի նշանակությունը: Դա Հայրենիք-Սփյուռք կապի հավերժության հերթական ու փառավոր վկայություններից մեկն է, որը վստահ ենք՝ շարւնակություն է ունենալու»:
Իսկ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ուղերձում շեշտել էր.«Հատկանշական է, որ խաչքարը նվիրված է ոչ միայն Հայոց Ցեղասանության 100-րդ տարելիցին, այլև Հայոց գրերի գյուտին, խորհրդանշելով մեր ազգին բնութագրող կարևոր երկու խորհուրդներ՝ ունենալ պատմական անկրկնելի հիշողություն և ամենուր ծավալել նպատակամետ կենսագործունեություն»:
Արարողության ներկա ՀՅԴ ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանը ևս ողջունեց Նանսիի հայ համայնքի նախաձեռնությունն ու նկատեց.«Մեր պարտքն էր, որ մինչև այստեղ հասնեինք ու մասնակցեինք այս նորաստեղծ համայնքի ողջունելի նախաձեռնությանը»:
Նշենք, որ խաչքարի բացման արարողությանը ներկա էին հայեր ոչ միայն Նանսի քաղաքից, այլև՝ Փարիզից, Բեզանսոնից, Էպինալից և Լոնգվիից: Խաչքարն օծեց Տեր Դիրայր Քելեջյանը:
Հիշեցնենք, որ Նանսիում հայկական համայնքը ձևավորվել է 2011 թվականին՝ Արթուր Ավետյանի ջանքերով: Չնայած այն հանգամանքին, որ Նանսիում չկա Հայ Առաքելական եկեղեցի, համայնքում պատարագները և եկեղեցական այլ ծեսերն անցկացվում են տեղի Կաթոլիկ եկեղեցում: Արթուր Ավետյանի ջանքերով՝ համայնքի հիմնադրման օրից գործում է Մշակույթի տունը, որը զբաղվում է համայնքի կրթական ու մշակութային կյանքի կազմակերպչական հարցերով: Կենտրոնի կիրակնօրյա հայկական դպրոցն ունի 60 սան: Հարկ է հիշատակել նաև այն մանկավարժների անունները, ովքեր մեծ ներդրում ունեն այս գործում. վաստակավոր ուսուցիչներ Ելենա Շահինյանը, Ռուզաննա Ադամյանը, Շուշանիկ Գևորգյանը, Անժելա Մերոյանը և Թերեզա Գևորգյանը: 2012 թվականին համայնքի ղեկավարի ջանքերով՝ հիմնվեց նաև Համազգային վարչությունը: Ի ուրախություն Նանսիի հայությանը, վարչությունն ունեցավ իր կրթօջախը, որը Ֆրանսիայում թվով չորրորդն է՝ Մարսելից, Փարիզից, Լիոնից ու վերջապես Վալանսից հետո:
2013 թվականից համայնքի ձայնը, բառի բուն իմաստով, ավելի լսելի է դառնում: Արթուր Ավետյանը հիմնում է ռադիոհաղորդում՝ Նանսիի ռադիոկայաններից մեկում՝ ռադիո Ֆաժեթ-ում: «Հայասա. FM» կիրակնօրյա երկլեզու (հայերեն և ֆրանսերեն) ծրագիրը պատրաստում և վարում են Մերինե Թադևոսյանն ու Լուսինե Տերտերյանը:
Լուսինե Տերտերյան