Վաղը կբացվի «Մայր (այլ) Հայաստան» լուսանկարչական ցուցահանդեսը
Հուլիսի 3-ին, ժամը 17:00-ին Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կբացվի «Մայր (այլ) Հայաստան» խմբակային լուսանկարչական ցուցահանդեսը:
Մասնակից լուսանկարիչներն են` Մերի Աղախանյանը, Սառա Անջարգոլյանը, Նազիկ Արմենակյանը, Քնար Բաբայանը, Անուշ Բաբաջանյանը, Փիրուզա Խալափյանը, Անահիտ Հայրապետյանը, Հասմիկ Հայրապետյանը, Իննա Մխիթարյանը եւ Նելլի Շիշմանյանը:
«Ինձ բախտ վիճակվեց համադրելու այս ցուցահանդեսը, եւ ես իրավունք ստացա մտնելու մայրերի, արհեստավարժների ու սոցիալական ակտիվիստների աշխարհը»,- ասել է ցուցահանդեսի համադրող Սվետլանա Բաչեւանովան:
«Կանայք Հայաստանում դեռեւս ընկալվում են զուտ որպես մայրեր ու տնային տնտեսուհիներ: Բայց այս տասը կին վավերագրող լուսանկարիչները կոտրել են կարծրատիպերը, գտել են իրենց կարիերան առաջ մղելու ձեւը եւ ստեղծել հզոր եւ ազդեցիկ աշխատանքներ: Ցուցահանդեսի աշխատանքները ներկայացնում են հայկական իրականությունը կնոջ դիտանկյունից` բացահայտելով հաճախ անտեսվող կողմերը», – ասել է համադրողը:
mediamax.am