Սերգեյ Գորոդեցկի. Ավերված դրախտ

Սերգեյ Գորոդեցկի (1884-1967)
Ռուս նշանավոր բանաստեղծ, թարգմանիչ, հասարակական գործիչ. հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ: 1916-ի ապրիլին եղել է Արևմտյան Հայաստանում, տեսել է ավերված երկիր և կոտորված հայություն:
1917-1921թթ. ապրել և գործել է Անդրկովկասում, մտերիմ է եղել հայ գրական և հասարակական գործիչների հետ. առանձնակի պետք է նշել նրա մտերմությունը Հովհաննես Թումանյանի հետ: ։
Գրել է բազմաթիվ հոդվածներ և բանաստեղծություններ՝ նվիրված Հայաստանին և Արցախին:
Հայկական հարցին և Հայաստանին նվիրված նրա հոդվածները, բանաստեղծությունները և նամակները մեզանում բազմիցս են տպագրվել ռուսերեն և հայերեն: Ներկայացնում ենք «Ավերված դրախտ» ակնարկը (1916թ.), որը զետեղված է «Հայաստանի և հայ կուլտուրայի մաиին» ժողովածուի մեջ («Սովետական գրող» 1980, էջ 38-43) և «Ղարաբաղ» հանրահայտ հոդվածը {«Կովկասյան խոսք», 1919-23 մարտի):
ԱՎԵՐՎԱԾ ԴՐԱԽՏ
Սկիզբ առնելով Նեմրութի լեռնաճյուղավորումներում՝ Թուրքիայից Պարսկաստան է հոսում զվարթ Կոտորը: Թերեքից նեղ, բայց նրանից ուրախ ու անհոգ մի գետ: Սրա օրրանը՝ Կոտորի ձորը, հարմարավետ է և հյուրընկալ, ախորժահամ նարզան ջրերը սառցասառույց շիթերով թափվում են ժայռերից, լանջերի տակ գողտրիկ մարգագետինները հրապուրում֊ կանչում են հանգստի: Հենց Կոտորը դուրս է պրծնում կիրճից, պարսիկները նրա ջրերը առնում են ոռոգիչ ջրանցքների մեջ ու ջրում Խոյի ողջ հարթավայրը: Պարսիկներն ուղղակի կախարդներ են ոռոգման արվեստում: Հնագույն ժամանակներից վարպետ են նրանք այս գործի մեջ, և հարկ է սովորել նրանցից, թե ինչ հնարամտությամբ են ջուրր ենթարկում իրենց: Աչքերիդ չես հավատում, երբ տեսնում ես, թե քանի-քանի դեսյատին ցորենի արտեր (պարսիկները ոչ թե ցանում, այլ տնկում են ցորենը) և ծաղկուն այգիներ են կյանք առնում փոքրիկ Կոտորի շնորհիվ: Արշալույսին այս հարթավայրը, ամբողջովին սադափագույն տոների մեջ, հեքիաթային տեսք է ստանում:
Կոտորն ի վեր ձգվում է մեր ուղին Պարսկաստանից Թուրքիա: Կիրճում ինչ֊որ տեղ կորավ երկու չարաբաստիկ հարևանների միջև եղած պետական սահմանը: Ոտնաչափ առ ոտնաչափ ավելանալով՝ բարձրությունը հասնում է վեց-յոթ հազարի: Դեղնաթև արծիվներն անխռով սավառնում են վիթխարի հիրիկների վերևում: Կիրճը հետզհետե լայնանում է, լեոները մեկը մյուսի ետևից դեմ են անում իրենց լայն ու լերկ կռնակները: Լեռնանցքն այնքան էլ գեղեցիկներից չէ: Ահա և թուրքական առաջին քաղաքը՝ Սարայը: Ահա և ահագնատես պատերազմի առաջին նշանները:
Ավերակները սարսափելի չեն. «Կարմիր Խաչի» և Քաղաքների համառուսական միության դրոշներն են ծածանվում դրանց վրա՝ որպես նոր կյանքի հանդիսավոր խոստում: Սարսափելի է հիշողությունն այն տառապանքների, որ մարդը պատճառել է մարդուն:
Եվ ո՛չ պատերազմում: Կռվի մեջ ահավոր չէ տառապանքը: Անտանելի է, երր մտածում ես, որ հարյուր հազարավոր խաղաղ, անպաշտպան մարդիկ հենց մարդկանց ձեռքով վայրագությամբ ենթարկվել են անլուր խոշտանգումների, մարմնի և հոգու նրբարվեստ լլկանքների…
Այն զգացումը, որով համակված կանգնում ես ջարդ ու ավերմունքի վայրում, ոչ մի բանի հետ չի կարող համեմատվել վշտի և ցավի ուժով: Անուղղելի չարիք, անջնջելի խայտառակություն, անզոր ցասում՝ մարդկային հոգուն հասցված անարգանքի համար. ահա այն առաջին զգացումները, որ հարուցում է Թուրքիան: Այլևս չես կարող նայել, հիանալ բնությամբ: Գեղեցկությունը չես տեսնում, հավքերի երգը չես լսում: Ւսկ լեոները նորից են սկսում ցածրանալ, նրանց ուրվապատկերը դառնում է ավելի մեղմ ու հույլ, նորից կարմրին են տալիս կակաչի համատարած դաշտերը: Եվ անսպասելիորեն լեռների միջև ընկած եռանկյունու վառ կապույտ ծվենի նման փայլփլում է մեղմածուփ Արճակ լիճը:
Ի՜նչ խաղաղ էին ապրում մարդիկ այս լճի ափին, բարդիներով եզերված այգիների պարսպից այն կողմ: Երեք հազար բնակիչ կար այստեղ: Եվ հողն առատ էր: Ումից թուրքերը խլում էին հողը, գալիս էր մեզ մոտ, Բաքվի նավթահանքերը: Եվ ահա ամեն ինչ քարուքանդ է արված: Եկեղեցին պղծված է: Յոթանասուն ծերունի ու պաոավ՝ ահա մնացած բնակչությունը: Փոխարենը պարարտացած ագռավներ՝ անթիվ֊անհամար, ոսկորներ՝ շեղջերով, մոխիր՝ անսպառ: Ամենուր ամայություն: Դաշտերում՝ անցած տարվա հատիկը հավաքող փախստականների կորացած կերպարանքներ:
Արճակից մինչև Վան մի իջևանամեջ է:
«Այն աշխարհում՝ դրախտը, այս աշխարհում՝ Վանը»,— ասում է հինավուրց առածը, և կարելի է հավատալ դրան: Աստված այստեղ սիրով է արարել բնությունը, և նրա դարավոր օգնականը մարդն է եղել այստեղ: Վանա լիճը ամենագեղեցիկ լեռնային լճերից մեկն է աշխարհում: Այնքան մեծ ու փառահեղ, որ ծով են կոչում. չի երևում հանդիպակաց ափը: Լճի վրա հառնում է հանգած հրաբուխ Սիփանը՝ հավերժական ձյունապսակով (զինվորները «Ստեփան» են ասում): Մյուս ափին՝ հեռվում, Նեմրութ հրաբուխն է: Լճի ջուրը թավշային փափկություն ունի, քսանհինգ տոկոս սոդա է պարունակում: Թուրքերն այստեղ լողափ են սարքել, որ ետ չի մնում Լիդոյից. մոտ մեկ վերստանոց ցամաքալեզվակ է մտնում ծովի մեջ, և արդեն ծովում, նրան ուղղահայց, մի ուրիշ ցամաքալեզվակ է՝ երեք վերստ երկարությամբ: Հոյակապ լողարան է, ջուրը՝ հաճելի և, անկասկած, բուժիչ: Բնապատկերը իտալական է: Լողափին հարում է ընդարձակ մի հովիտ՝ շրջապատված առանձին լեռներով, որ բնությունն ինքը տեղադրել է ասես ամրոցների համար: Այդ ամրոցներից երկուսը՝ Վանն ու Թոփրակը, հնությունների մեծարժեք թանգարաններ են:
Պատմությունը երբեմն հոգնում է հսկայական ու վիթխարածավալ բաներից, նրան ձանձրացնում են այնպիսի ահագնություններ, ինչպիսիք են Եգիպտոսը, Ասորեստանն ու Բաբելոնր: Հանկարծ ոչ մեծ ու նրբագեղ բաներ է ուզում: Այնժամ նա խաղ ու պարով մի քանի դարի համար ստեղծում է փոքրիկ թագավորություններ: Այդպիսին է եղել Վանի թագավորությունը: Նրանից մնացած անունները երգեցիկ են և ախորժալուր: Այդ թագավորության կառույցներն ընդհուպ մերձենում են բնության կերտվածքներին: Երկիրն ասուրերեն կոչվել է Նաիրի, որ նշանակում է գետակների երկիր: Սեփական լեզվով (այդ լեզուն եղել է) կոչվել է Բիայնա (այստեղից էլ՝ Վան): ժամանակ առ ժամանակ մեծ ու հզոր է եղել այս երկիրը. օրինակ, Արգիշտի թագավորը հիմնել է Էրիայնին, այսինքն՝ մեր Երևանը: Հերոդոտոսն այստեղի ժողովրդին ալարոդներ է հորջորջում, իսկ հայերի մոտ նույն ժողովուրդը հայտնի է ուրարտացիներ անունով: Նույնքան երաժշտական են նաիրյան արքաների անունները՝ Սարդուրի, Ւշպուինի, Մենուա, Արգիշտի: Այս ժողովրդի գիրը նման է զարդանկարի. սեպագիր է: Ճարտարապետությունը պարզ է ու միամիտ: Թագավորը շինությունների համար քարաժայռ-բլուր է ընտրել: Լանջերին արվել են բարձր աստիճաններ (որ պահպանվել են): Վերևում կառուցվել է տաճարը: Սարաժայռի մեջ փորվել է պալատը՝ գեղեցիկ, հարմար, վեցսենյականոց, ինչպես, օրինակ, Վանի քարաժայռում է, կամ վիթխարի սանդուղքով, որով կարելի է, ձի հեծած, բարձրանալ, ինչպես Թոփրակում է: Հեռուներից ջուր էր բերվում պալատ: Ստրուկների հոգիներն են կողկողաձայն աղաղակում այս կառույցներից: Ժայռի ուղղաբերձ մասերում թագավորը քարե շրջանակ էր անել տալիս և այնտեղ սեպագիր արձանագրություն թողնում իր քաջագործությունների մասին: Միայն և միայն քաջագործությունների, գետակների երկրի պարտությունների ու աղետների մասին պատմությունը ոչինչ չպետք է իմանար: Եվ, այնուհանդերձ, կործանվեց Նաիրի երկիրը:
Հարավից ասկետորեն տրամադրված և արդեն քրիստոնեությունն ընդունելու պատրաստ հայերի վրա սկսեց հորդել արևելյան պերճանքը: Բաբելոնի ողջ գրգակեցությունը, թովչանքն ու ցոփությունը առասպելները մարմնավորել են Շամիրամ թագուհու կերպարում, որ իբր Վանի և նրա հեքիաթային այգիների ստեղծողն է: Այդ կերպարի շունչն է զգացվում Վանի վրա: Ծովը սիրահարված նրան ավելի ու ավելի է մոտենում Շամիրամի ժայռին: Մաքրակենցաղ թագավոր Արան, որ անսասան է մնացել նրա գեղեցկության առջև, ողբերգականորեն ընկել է թագուհու տարփածուների սրից: Մենուա արքայի կառուցած ջրանցքը Շամիրամի անունն է կրում: Շամիրամի այգիները մինչև օրս էլ փթթում են նրա ժայռի ստորոտին: Այո՛, Շամիրամը հաղթեց. հայոց թագավորությունը՝ քրիստոնեության այդ առաջապահը, ընկավ Արևելքի դեմ անհավասար մարտում: Վանը նրա արքայական գերեզմանոցն է…
Բնությամբ՝ հիասքանչ, պատմությամբ՝ հարուստ Վանը ծաղկուն քաղաք էր պատերազմից առաջ: Այգիների մշակման կուլտուրան (այգիներ, որտեղ յուրաքանչյուր ծառը խնամվում էր առանձին) շատ բարձր էր այստեղ: Մարդիկ ապրում էին Վանում կուշտ ու ունևոր: Ծաղկում էին արհեստներն ու արվեստները. Վանը հնուց ի վեր հռչակված է ժանեկագործությամբ, ընկուզափայտի սադափազարդ դրվագումով: Քաղաք-այգի էր դա, շքեղաշուք դրախտ: Թուրքական թնդանոթներն ու թուրքերի մոլեգնությունը այդ դրախտը վերածեցին ավերակների կույտի: Ի՜նչ անտանելի տխուր էր Վան մտնելը գարնան օրով, մեկ տարի անց այն ժամանակվանից, երբ ռուսական զորքերր գրավել էին քաղաքը: Ծաղկել էին ծառերը, ասես մարգարտահյուս մանյակներով էին զարդարվել կամ ձյան քնքուշ փաթիլներ էին իջել բոլոր այգիների վրա: Գեղաճկուն ճյուղերն ամենուր թափանցել էին ավերակների մեջ, պարուրել ու պատել ծաղկաթերթերով: Ցնցող էր համատարած մահվան, ավերմունքի և անպարտելի գարնան հակադրությունը: Ւսկ մահը, առանց քաշվելու, իր խոցերն էր ցուցադրում: Փողոցներում ամենուր թափված էին քրջեր՝ սպանվածների հագուստների մնացորդները…
Հետո, աշխատանքով տարված, ընտելանում ես այս ամենին, սակայն առաջին տպավորությունը մռայլում է հոգիդ:
Նույնպիսի ցավագին-սահմռկուն պատկեր է ներկայացնում Վանի ներկայիս բնակչությունը: Ւսկական վանեցիներ քաղաքում չկան կամ շատ քիչ են։ Մեծ մասամբ եկել֊հավաքվել են շրջակայքից: Դժբախտությունն այլասերում է մարդուն: Նրանք ժամեր շարունլսկ կարող են ընկնել ու մնալ իրենց պառկած տեղում: Երբ նրանց գործի են դնում, աշխատում են դանդաղ ու անտարբեր: Դրանք ցավից մեռած հոգիներով մարդիկ են: Նրանց հարկավոր է հարություն տալ: Նրանց հարկավոր է նորից ստիպել հավատալու, որ կարելի է ապրել աշխարհիս երեսին, որ աշխատանքի պտուղները չեն սրբվի ու հողմացրիվ չեն արվի մեկեն, որ կյանքն ու պատիվը չեն խլվի իրենցից: Որքա՜ն շատ բան է հարկավոր անել դրա համար, և որքա՜ն քիչ է դեռ արվում: Դաղթականներն ամենից ավելի հոգևոր կյանքի վերականգնման կարիք են զգում: Նրանց համար աշխատանքի ինչ֊որ հատուկ համակարգ է պետք՝ մշակված ռիթմով, աննկատելիորեն փոքր ձևերից բնականի տանող: Չի կարելի փախստականի համար կով գնել ու տալ նրան, իսկույն կծախի: Նա անէության հողմապտույտի մեջ է, նա արմատախիլ է արված կյանքից, նա լինելիությունից դուրս է:
Նրան կյանք վերադարձնել անհնար է սոսկ նյութական օժանդակությամբ: Հոգին կրակ է առնում միայն հոգուց, շուրթերի է հասնում միայն շուրթերից: Տանջահւսր փոքրիկ Հայաստանը կյանքի շունչ է սպասում մեծ Ռուսաստանից:
Անցյալը ծանր է: Ներկա չկա: Կա միայն ապագա, և ապագայի զգացումը՝ հույսը:
Աղբյուր՝
ՍԵՎ ԳԻՐՔ /ՆՇԱՆԱՎՈՐ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՃԻՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ/
Հաջորդիվ՝ Ս. Գորոդեցկու «Ղարաբաղ» հանրահայտ հոդվածը