Արամ Ա կաթողիկոսը քննադատել է Միջին Արևելքի քրիստոնյա համայնքների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը

Արամ Ա Կաթողիկոսն Անթիլիասի մայրավանքից ժողովրդին է փոխանցել Քրիստոսի հարության ավետիսը: Այս մասին հայտնում են Կիլիկիո Կաթողիկոսությունից:

Իր խոսքում նա նշել է. «Աստծո որդուն գերեզման իջեցնելով՝ մարդիկ կարծել են, որ կյանքի և ճշմարտության լույսը կարելի է թաղել: Քրիստոսն իր հարությամբ ցույց է տվել աշխարհին, որ չի կարելի լույսը գերեզմանել: Քրիստոնեական հասկացողությամբ լույսը հոմանիշ է ճշմարտության, հավիտենական կյանքի»: Անդրադառնալով Քրիստոսի հարության լույսով իր կյանքը շաղախած հայ ժողովրդին՝ Վեհափառը նշել է, որ պատմության խավարի դիմաց Քրիստոսի հարության լույսով պայծառակերպեցինք մեր կյանքը: Ապա ավելացրել է, որ հարյուր տարիներ առաջ խավարային ծրագրերով լեցուն մարդիկ փորձել են հայ ժողովրդին գերեզմանել, այսօր Քրիստոսի հարության լույսով լուսավորված մեր ժողովուրդը գերեզմանից դուրս է ելել և Քրիստոսի հարությամբ տոնախմբում է իր հարությունը:

Կաթողիկոսը խոսել է նաև Միջին Արևելքի իրավիճակի մասին՝ քննադատելով փոքրամասնությունների ու հատկապես քրիստոնյա համայնքների նկատմամբ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքը ծայրահեղական խմբավորումների կողմից: Նա նաև շեշետել է Լիբանանում նախագահի շուտափույթ ընտրության անհրաժեշտությունը: Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում տեղի է ունեցել սուրբ Զատիկի առիթով պատարագ, որին ներկա է գտնվել մարդկանց հոծ բազմություն: Վեհափառին շնորհավորել են Լիբանանի պետական պատասխատուներ, ինչպես նաև տարբեր հոգևոր պետեր:

Scroll Up