Լոզունգս, որ ԱՄՆ-ում ծնված մեր երեխաները չմոռանան մեր լեզուն ու մշակույթը.Գլենդեյլի քաղաքային խորհրդի հայ թեկնածու
ԱՄՆ-ում բնակվող երրորդ-չորրորդ սերնդի հայերի համար ամենահեշտ բանը ձուլվելն է, ուստի հարկ է պայքարել, որ այստեղ ծնված հայ երեխաները չմոռանան իրենց պատմությունը, լեզուն, 5000 տարվա մշակույթը: Tert.am-ի հետ զրույցում ասաց երեք երեխաների հայր, Գլենդեյլում ապրիլի 7-ին կայանալիք Գլենդեյլի քաղաքային խորհրդի ընտրությունների հայազգի թեկնածու Վարդան Կարապետյանը:
«Գլենդեյլի հայազգի բնակչության 56 տոկոսը ծնվել է ԱՄՆ-ից դուրս, և ես էլ նրանցից մեկն եմ, բայց մեր երեխաները ծնվել են ԱՄՆ-ում և պետք է գիտակցեն իրենց հայրենիքը որն է, որտեղ է, իրենց պապիկներն ու տատիկներն ովքեր են: Մեր ձուլվելը շատ հեշտ է: Եվ իմ լոզունգն է, որ երեխաները, որ ծնվում են ԱՄՆ-ում ու ամերիկահայեր են, պետք չունեն, որ մեկը թողնեն ու մյուսը դառնան»,– ասաց Վարդան Կարապետյանը, ում թեկնածությունն այս ընտրություններում պաշտոնապես աջակցում է Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:
Հիշեցնենք, որ Գլենդելյը համարվում է ԱՄՆ-ում ամենամեծ համայնք ունեցող քաղաքներից մեկը և Գլենդեյլի բնակչության հիսուն տոկոսը հայեր են:
Ի պատասխան հարցի, թե իր նախընտրական ծրագրում ունի, այսպես կոչված, էթնիկ տարր՝ հատուկ քաղաքի հայազգի բնակչության համար, Վարդան Կարապետյանն ասաց, որ իր հարաբերությունները համայնքի հետ այնպիսին է, որ աշխատում է քվե ստանալ հայ և ոչ հայ բնակիչներից՝ լինելով այն կարծիքին, որ «նա, ով ընտրվում է, պետք է ներկայացնի բոլոր բնակիչներին, ոչ միայն հայերին»: Սակայն, իհարկե, հայազգի թեկնածուն չի կարող շրջանցել նման էթնիկ տարր ունեցող ծրագրերը:
«Եվ գալիս ենք քաղաքում մեր իրավունքները պաշտպանելու, որպեսզի հավասար լինենք բոլորի հետ, ավելորդ մի բան չենք ուզում»,- ասաց հայազգի թեկնածուն՝ նշելով այն ծրագրերը, որ տասը տարի շարունակ քաղաքապետարանին կից տարբեր հանձնախմբերում աշխատելով՝ նախանշել է: Այն է՝ հայալեզու կրթական ու մարզամշակութային հաստատությունների ավելացում:
«Սրանք քաղաքապետարանի ծրագրեր չեն, այլ շահույթով չաշխատող հանձնախմբերի աշխատանք, որոնց պետք է օգնի քաղաքապետարանը, որպեսզի դրանք ավելանան, որպեսզի մեր երեխաների համար կարողանանք հայոց լեզվի ուսուցման համար պայմաններ ստեղծել»,- նկատեց Վարդան Կարապետյանը:
Նշենք, որ «Մարիամյան» և այլ կրթական հաստատությունների միջոցով Գլենդեյլում յուրաքանչյուր տարի ավելի քան 700 աշակերտ դպրոցներում հայերեն է սովորում:
Թեկնածուն չխոսեց իր մշակութային ծրագրերի մասին, սակայն նրա ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումներից տեղեկանում ենք, որ ակտիվորեն աջակցում է հայ մշակութային գործիչների մասնակցությամբ տարբեր մշակութային ծրագրերի ու անգամ՝ ֆիլմի իրականացմանը:
Գլենդեյլի բյուջե, մահացու վթարները նվազեցնող երթևեկություն, բնակարանաշինություն, նոր աշխատատեղերի բացում. սրանք ևս Լոս Անջելեսի երրորդ խոշոր քաղաքի՝ Գլենդեյլի ապրիլի 7-ին կայանալիք քաղաքային խորհրդի ընտրությունների թեկնածու Վարդան Կարապետյանի նախընտրական ծրագրի կետերն են:
Ասաց, որ զբաղվելու է մեծահասակների հարցով, որպեսզի նրանց մատչելի գներով բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն տրվի ու ավելացրեց. «Եվ ամենակարևորը՝ մեր երեխաների ապագան է, որ կարողանան ապրել և իրենց ապագան կառուցել Գլենդեյլում»:
Վարդան Կարապետյանը ակտիվորեն ներգրավված է քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին. մեկ տարի առաջ սկսված աշխատանքների արդյունքում արդեն իսկ ապահովվել է հողատարածք՝ Գլենդեյլում թանգարան կառուցելու համար:
Իսկ մի քանի օր առաջ էլ Վարդան Կարապետյանի օժանդակությամբ կազմակերպվել է դրամահավաք «Լիթլ Արմենիայից» դեպի Թուրքիայի դեսպանատուն գնալիք ամենամյա բողոքի ցույցին կազմակերպչական խնդիրները հոգալու նպատակով:
Ի պատասխան հարցի, թե ԱՄՆ 50 նահանգներից 43-ի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ընդունումն արդեն իսկ վկայում է, որ ԱՄՆ-ը մոտեցել է իր կողմից այն ամբողջությամբ ընդունելու եզրագծին, թեկնածուն ասաց. «Այո՛, բայց կարևոր է, որ կառավարությունն ու պրեզիդենտն ընդունեն, այդ խոսքն ասեն: Դեռ չեն արել, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։