Ֆրանսահայ դիրիժոր Ալան Ալթինօղլուն առաջին անգամ հանդես կգա Երևանում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/Ալան-Ալթինօղլու.jpg)
Համաշխարհային ճանաչում ստացած ֆրանսահայ դիրիժոր Ալան Ալթինօղլուն առաջին անգամ կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո համերգը տեղի կունենա ապրիլի 3-ին, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, կներկայացվեն Վագների և Ռավելի ստեղծագործությունները: «Իմ ուսուցիչները Ռավելի աշակերտների աշակերտներն են:
Քանի որ ես ծնվել եմ Ֆրանսիայում և աշխարհը տոնում է Ռավելի հոբելյանը, այդ առիթով համերգի ընթացքում կհնչի նաև Ռավելի «Իսպանական ռապսոդիան» և «Դափնիս և Քլոյե» թիվ 2 սյուիտը», լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ալան Ալթինօղլուն: Երաժշտի նախնիները պոլսահայեր են, ովքեր 1934թ. ստիպված էին փոխել իրենց ազգանունը Ալթունյանից Ալթինօղլուի: Ալթինօղլուն տեղեկացրեց, որ իր մասին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը առաջին անգամ լսել էր տարիներ առաջ` Չիկագոյում համերգներով գտնվելիս:
Ասուլիսին ներկա Էդուարդ Թոփչյանն էլ իր հերթին ընդգծեց. «Զարմացել էի, թե ինչպես է պատահել, որ բավականին հարուստ փորձ ունեցող երաժշտի հետ, այն էլ հայազգի, մենք դեռ կապ չունեինք: Այնուհետ Ալեքսանդր Չաուշյանն ստանձնեց Ալան Ալթինօղլուին Հայաստան հրավիրելը»: Համերգին որպես հրավիրյալ մենակատար հանդես կգա թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը` ՍենՍանսի Թավջութակի կոնցերտի կատարմամբ: Առաջին անգամ Երևանում հանդես եկող Ալան Ալթինօղլուն աշխարհի հեղինակավոր թատրոնների մշտական հրավիրյալ է:Նա ելույթ է ունենեցել Նյու Յորքի Metropolitan Opera, Չիկագոյի Lyric Opera, Վիեննայի Staatsoper, Ցյուրիխի Opernhaus և այլ ոչ պակաս հայտնի օպերային թատրոնների բեմերում: