Ցեղասպանություն 100. 1915-ի իրադարձությունների մասին նոր խաղարկային և վավերագրական ֆիլմեր են ներկայացվում

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայ և օտարազգի կինոռեժիսորները շարունակում են ֆիլմեր ներկայացնել աշխարհին, որոնք պատմում են անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված արյունալի իրադարձությունների մասին, որոնց հետևանքով 1,5 միլիոն հայեր նահատակվեցին, ողջ մնացածներն էլ հայրենազրկվեցին`սփռվելով աշխարհով մեկ:  Այս մասին գրում է armenianow.com-ը:

Երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ, Քրիստիան Պապկենը պատմել է, որ նկարահանում է «Հայաստան. ստվերների երկար ճանապարհ» ֆիլմը, որը պատմում է Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասին:

«Այն ցուցադրվելու է Գերմանիայի առաջին ալիքով ապրիլի 21-ին: Ֆիլմը դասվում է երկրների ներկայացման ֆիլմերի շարքին և լինելու է որպես այցեքարտ: Ես փորձում եմ ձեր երկիրը ներկայացնել և մատնանշել երկրի առանձնահատկությունները»,- ասել է գերմանացի ռեժիսորը:

Ավելի վաղ երևանյան կինոթատրոններում ցուցադրվեց գերմանաբնակ թուրք հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի աղմուկ հանած «Սպի» (The Cut) ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին, ով ցեղասպանությունից տարիներ անց պատահաբար իմանում է, որ իր զույգ դուստրերը, հնարավոր է` նույնպես փրկվել են, և սկսում որոնել նրանց՝ հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա: Ի վերջո, նա գտնում է, սակայն աղջիկներից միայն մեկին:

«Երբ վերջերս Թուրքիայում էի, շատերն ինձ նախատում էին, թե ինչու եմ ֆիլմումս միակողմանի ցույց տվել 1915-ի դեպքերը: Ես էլ պատասխանում էի, որ չկա երկու կողմ: Սա «Բարսելոնայի» ու «Ռեալ Մադրիդի» միջև խաղ չէ, որ կարող է երկու տարբեր տեսակետ լինել: Ճշմարտությունը մեկն է, ու ես հավատում եմ, որ 1915-ին ցեղասպանություն է եղել: Բայց չգիտեմ, թե որքանով է դա դիրքորոշում կոչվում. դա ուղղակի այն է, ինչին ես հավատում եմ»,- ասել է ArmenianGenocide100.org-ին Ֆաթիհ Աքինը:

Ֆիլմի բյուջեն կազմել է 15,5 մլն եվրո: «Սպի» դրամայի նկարահանումները սկսվել են 2013 թ. մարտին և իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Ֆիլմը ներկայացվել է Վենետիկի 71-րդ կինոփառատոնին:

Ապրիլի 22-ին Հայաստանում նախատեսվում է անցկացնել «Փրկության քարտեզ» խաղարկային դրվագներով, վավերագրական, լիամետրաժ ֆիլմի պրեմիերան: 90 րոպե տևողությամբ ֆիլմի հերոսներն են ցեղասպանության ականատես 5 միսիոներ կանայք, ովքեր մեկնել էին օգնելու երեխաներին ու կանանց:

Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ նկարահանվում է The GENEX ֆիլմը հոլիվուդյան աստղերի՝ Նատալի Փորթմանի և Արման Ասանտի մասնակցությամբ: Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակն է ամերիկահայ Արտակ Սևադան: Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա:

«Ֆիլմում փողի մասին է խոսվում, դրա վրա է կառուցվում սյուժեն: 1915 թ. հայերի հաշիվների վրա գումար կար, որը բանկերում պահվում է մինչ օրս: 100 տարի անց այդ գումարները հասանելի են մնում իրենց տերերի համար: Սակայն ստացողներ չկան` ո՛չ նրանց տերերը, ո՛չ նրանց ժառանգներն ու հարազատները: Հարց է առաջանում` իսկ որտե՞ղ են նրանք: Իսկ ի՞նչ էր դա, եթե ոչ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»,-ասել է ֆիլմի ռեժիսորը:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է ապրիլի 24-ին աշխարհի տարբեր երկրներում: Ֆիլմի բյուջեն կազմել է 30 մլն դոլար:

Լոս Անջելեսում ապրիլի 24-ին տեղի կունենա «1915» ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը (Րաֆֆի Հովհաննիսյանի որդին) և Ալեք Մուհիբյանը: Ֆիլմի երաժշտությունը գրել է ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը: «1915» ֆիլմում փորձ է արվում կյանք վերադարձնել ցեղասպանության մոռացված ուրվականներին` կոչ անելով վերջ տալ ցեղասպանության ժխտողականությանը:

Հայող ցեղասպանության մասին առաջին` «Հոգիների աճուրդ» գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է 1918 թ. նոյեմբերին ԱՄՆ-ում, որի գլխավոր հերոսուհին և դերակատարուհին եղեռնից մազապուրծ Արշալույս Մարտիկանյանն էր: Այս ֆիլմի մասին փաստավավերագրական ֆիլմ է նկարահանվում, որի հեղինակն ու պրոդյուսերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է:

2007-ին նկարահանվեց իտալացի Պաոլո և Վիտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմը հայկական ծագումով իտալացի գրող և գրականագետ Անտոնիա Արսլանի վեպի հիման վրա: Հայ ռեժիսորների նկարահանած ամենահաջողված ֆիլմերն են Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) «Մայրիկը» (1991) և Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002) ֆիլմերը: Երկու տարի առաջ մեծ հաջողություն ունեցավ նաև շվեդահայ Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Սյուզանի տատիկի կյանքի իրական պատմությունը՝ դաջվածքների միջոցով:

Scroll Up