Համապոնտական ասոցիացիան շնորհակալություն է հայտնել ՀՀ-­ին Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչելու համար

Հունաստանում գործող Համապոնտական ասոցիացիան հայտարարություն է տարածել եւ իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնել ՀՀ խորհրդարանի կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ:

«Արմենպրես»­-ի փոխանցմամբ, հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի Ազգային ժողովում Օսմանյան Կայսրությունում 1915­-1923թթ հույների եւ ասորիների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հանդիսանում է պոնտոսի հույների եւ եղբայրական հայ ժողովրդի սերտ համագործակցության լավագույն ապացույցը: Միաժամանակ, ասոցիացիան շեշտում է, որ երկու ժողովուրդները պետք է շարունակեն համատեղ պայքարը, որպեսզի քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը նաեւ միջազգային ճանաչում եւ դատապարտում ստանա:

Մարտի 24-­ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը: Հայտարարությանը կողմ է քվեարկել 117 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել: Հայտարարությունում ասվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, առաջնորդվելով ՄԱԿ­ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11­-ի 96(1) բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-­ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-­ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-­ի կոնվենցիաների, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով, արձանագրելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը:

Որպես հիմնավորում` նշվում է այն հանգամանքը, որ 1948թ. ՄԱԿ-­ն ընդունել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան», որում հստակ նշված են այն չափանիշները, որոնց համաձայն` իրականացված քաղաքականությունը որակվում է որպես ցեղասպանություն: «Հիմնվելով այդ փաստարկների վրա՝ 2007թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը Օսմանյան Թուրքիայում 1915­-1923թթ. քրիստոնյա ազգաբնակչության, այսինքն՝ հայերի, ասորիների, փոքրասիական և Պոնտոսի հույների դեմ իրականացված բռնությունները որակում է որպես ցեղասպանություն: 2010թ. մարտին Շվեդիայի խորհրդարանը հատուկ բանաձևով դատապարտեց Օսմանյան Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը: Հույների ցեղասպանությոունը դատապարտել են Կիպրոսի և Հունաստանի խորհրդարանները:

Scroll Up