Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Գարնանային 27-րդ խաղերի մեկնարկը Նոր Ջուղայում (լուսանկարներ)
Մարտի 19-ին, ժամը 15:30-ին Ս.Ամենափրկիչ վանքի շրջակայքում տեղադրված Ապրիլյան Եղեռնի մեկուկես միլիոն նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ մեկնարկեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իրանահայ 27-րդ Գարնանային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Նոր Ջուղայի ՀՄՄ «Արարատ» միության թղթակից Երանուշ Թահմազյանը:
Հատուկ արարողությամբ Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը խորհրդանշական ջահը վառեց հուշարձանի անմար կրակով եւ այն հանձնեց Ջահակիր խմբին եւ օրհնելուց հետո` փոխադրվեց խաղերը կազմակերպող Նոր Ջուղայի Հայ Մարզամշակութային «Արարատ» միության կենտրոնատեղի:
Այնուհետև ժամը 19:30-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի, Թեհրանի եւ Սպահանի Հոգեւոր եւ աշխարհիկ հայ եւ պարսիկ պաշտոնական հրավիրյալների, մարզական պատվիրակությունների եւ հոծ բազմության մասնակցությամբ՝ տեղի ունեցավ բացման հանդիսությունը:
Մրցություններին մասնակցում են Թեհրանի, Թավրիզի, Ուրմիայի, Շահինշահրի եւ Սպահանի (Նոր Ջուղայի) մարզական խմբերը:
Խաղերի փակում տեղի կունենա մարտի 24-ին:
Լուսանկարները` հեղինակի