Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի հարցազրույցը արաբական կայք-էջին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/Արմեն-մելքոնյան-դեսպան.jpg)
www.almsaeya.com կայք-էջի թղթակիցը հարցազրույց է ունեցել Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանի հետ, որը «Հայերն այսօրը» ներկայացնում է մասնակի կրճատումներով և խմբագրմամբ:
Հարցազրույցի ընթացքում դեսպանը հայ-եգիպտական հարաբերությունները, որի հիմքերը պատմության խորքերից են գալիս, որակել է գերազանց:
Երկու երկրների միջև բոլոր ասպարեզներում առկա է կառուցողական երկխոսություն, ինչը շեշտվել է նաև անցյալ փետրվարին երկու երկրների Արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ:
Դեսպանը Մելքոնյանը նշել է նաև, որ Հայաստանը աջակցում է Եգիպտոսին՝ իր ժողովրդավարական ծրագրերն իրականացնելիս և դապատարտել է ահաբեկչական գործողությունները, որոնք տեղի են ունեցել ծայրահեղական իսլամիստների կողմից:
Տնտեսական հարբերություններին անդրադառնալիս՝ դեսպանը ցավով է նշել, որ այդ ասպարեզում տակավին չի օգտագործվել երկու երկրների ներուժը: Բայց հույս է հայտնել, որ Եգիպտոսում քաղաքական իրադարձությունների կայունացումը և ՀՀ անդամակացությունը Եվրասիական միությանը՝ կխթանի երկու երկրների միջև տնտեսական զարգացման գործընթացը:
Դեսպանի պնդմամբ, մշակութային ոլորտում երկու երկրների միջև գոյություն ունեն հատուկ հարաբերություններ, որի ականատեսը եղանք անցյալ տարիների ընթացքում, երբ կազմակերպվեցին հայկական մշակութային օրեր Կահիրեում և եգիպտական մշակութային օրեր Երևանում:
Դեսպանը բարձր է գնահատել Կահիրեի համալսարանում 2007 թվականին հիմնադրված հայագիտության կենտրոնը, որը, ցավոք, կարճ ժամանակով՝ 2013-2014 թվականներին, փակվեց:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ դեսպան Մելքոնյանը անհրաժեշ է համարել Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը, ինչը տարածաշրջանում կհաստատի անվտանգություն և կայունություն:
Դեսպանը նաև ընդգծել է, որ այսօր աշխարհի ավելի քան 20 երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն Թուրքիան ոչ միայն մերժում է, այլև ձեռնարկել է ապրիլի 24-ին կազմակերպել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությունը, երբ այն ամեն տարի նշվում է մարտի 18-ին:
Անդրադառնալով պաղեստինյան հարցին՝ դեսպանը նշել է, որ հայ ժողովուրդը հարգանքով և համակրանքով է վերաբերվում պաղեստին ժողովրդին, հույս ունենալով, որ նա անպայման պիտի կարողանա իրականացնել իր իղձերը՝ անկախ պետություն կերտելով:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման խաղաղ գործընթացի մասին՝ դեսպանը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի ջանքերին: Սակայն Ադրբեջանը անընդհատ խախտում է հրադադարը և սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հասցեին, ինչը վտանգում է խաղաղ կարգավորման գործընթացը:
Ադրբեջանը նաև հայատյացության քաղաքականություն է վարում և խեղաթյուրում է պատմությունը՝ փորձելով Հայաստանն ու Երևանը ներկայացնել որպես ադրբեջանական տարածքներ, ինչի մասին պատմական և կրոնական բոլոր հավաստի աղբյուրները, նաև միջազգային հին քարտեզները, փաստում են հակառակը: