Թուրքիայում բնակվող հայաստանցի երեխաները միայն երազում են իսկական դպրոց տեսնում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/դպրոց.jpg)
Հայաստանից աշխատելու նպատակով Թուրքիա մեկնած հայերի երեխաները ներկայում կրթության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, որոնք 2008 թվականից մինչ օրս սպասում են իրենց հանգուցալուծմանը:
Հայաստանցի երեխաները ներկայում կրթվում են իրենց առջև դռները բացած Ստամբուլի Գեդիքփաշա թաղամասի Հայ Ավետարանական եկեղեցու նկուղում:
Այս երեխաների կրթական խնդիրների մասին հոդված է պատրաստել Ստամբուլի «Ակոս» պարբերականի լրագրող Պարույր Քույումջյանը:
Հրանտ Դինքի անունը կրող այս դպրոցում սովորում է շուրջ 150 աշակերտ: Նրանք նստում են արևի լույսից զրկված, փոքր դասարաններում: Դպրոցի տնօրեն Հերիքնազ Ավագյանը լրագրողի հետ զրույցում նշել է, որ իրենք անում են հնարավոր ամեն բան երեխաների որակյալ կրթության ապահովման համար, սակայն կան շատ արգելքներ ու խնդիրներ: Նա պատմել է, որ իրենք չորս և հինգ տարեկան երեխաների համար ունեն երկու տարրական դասարան: Դպրոցում ուսուցումը կատարվում է մինչև ութերորդ դասարան: «Ընդհանուր առմամբ, ունենք 16 աշխատող: 14 ուսուցիչներից երեքը տարրական դասարաններում են դասավանդում: Նկարչության, երաժշտության և մարմնամարզության ուսուցիչ չունենք: Ամեն ուսուցիչ իր գիտելիքների չափով փորձում է լրացնել նկարչության և երաժշտության ոլորտում առկա բացը: Երեխաներին Հրանտ Դինքի անվան դպրոց ուղարկելու հիմնական պատճառը գալիս է նրանից, որ նրանց ծնողները ցանկանում են որոշ ժամանակ անց վերադառնալ Հայաստան: Հայաստանի կրթության ևնգիտության նախարարաությունը պաշտոնապես ճանաչում է մեր դպրոցը: Այստեղից Հայաստան գնացած մի աշակերտ միայն մի քննություն հանձնելով կարողացել է շարունակել կրթությունը նույն աստիճանից»,- պատմել է Ավագյանը:
Նա նշել է, որ դպրոցի հիմնադրումից հետո ամենամեծ ֆինանսական աջակցությունն իրենց տրամադրել է «Կարիտաս» հիմնադրամը, սակայն հետագայում աշակերտների թվի ավելացումից հետո այդ օգնությունը դադարեցվել է: Ավագյանի բնորոշմամբ` դպրոցի համար մեծ իրադարձություն էր Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցելությունը: «Դա մեզ համար շատ կարևոր էր: Ի վերջո մեր ցանկությունը չի եղել այստեղ լինելը: Աթեշյանի այցելությունը մեզ համար նշանակում էր, որ մեզ ընդունում են որպես հայ համայնքի մի մաս»,- նշել է դպրոցի տնօրենը: Նշելով, որ իրենց երեխաներին դպրոց ուղարկող հայ ծնողներից 60 ԱՄՆ դոլար են վերցնում` Հերիքնազ Ավագյանը փաստել է, որ այդ գումարը բավականացնում է միայն դպրոցի խոհարարին և մաքրությանը հետևող անձին վճարելու համար, և իրենք դեռևս ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ:
Դպրոցի չորրորդ դասարանցիներին դասավանդող Լիլիթ Պողոսյանը նշել է. «Մանկությունս համընկել է Ղարաբաղյան պատերազմի հետ: Ինչպես որ ես էի շարունակում սովորել Ղարաբաղի սահմանակից Գորիս գյուղում` ռմբակոծման տակ, այնպես էլ այստեղի երեխաներն են անում»: Նշելով, որ այժմ Թուրքիայում է մնում միայն Հրանտ Դինքի անվան դպրոցի և այստեղ սովորող երեխների համար` նա հույս է հայտնել, որ հետագայում դպրոցի հետ կապված բոլոր դժվարությունները կհարթվեն: «Աշակերտներից մեկն անգամ իր երազում է տեսել իսկական դասասենյակներով դպրոց, որն անգամ ունի մարզադահլիճ: Մենք այս ամենն արդեն երազում ենք տեսնում: Վստահ եմ, որ իրականում էլ կա մի հերոս, ով այս երազանքն իրականության կվերածի»,- նշել է Պողոսյանը: