Շառլ Ազնավուրը համերգ կունենա բասկերի երկրում

91-ամյա ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը համերգ կունենա Բասկերի երկրում:
Ֆրանսիական sudouest.fr կայքի փոխանցմամբ՝ համերգը կկայանա մայիսի 9-ին Սան Սեբաստիան քաղաքի «Կուրսաալ» սրահում: Ինչպես հաղորդում է Արցախպրեսը, Ազնավուրն այնտեղ հանդես կգա Իսպանիայում ելույթ ունենալուց հետո: Մինչ այդ բեմի լեգենդը մայիսի 7-ին հանդես կգա Մադրիդի Բարքլայքարդ կենտրոնում (Պալասիո դե Դեպորտես):
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` նաև Հայաստանում: