Վատիկանը Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս» է շնորհել

Վատիկանը հայ միջնադարյան մտքի հանճար Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս» է շնորհել, գրում է artsakhpress-ը:

Ռադիո Վատիկանի փոխանցմամբ՝ փետրվարի 21-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1- ինը առանձնազրույց է ունեցել Վատիկանի Արեւելյան եկեղեցիների ժողովի նախագահ  կարդինալ Անջելո Ամատոյի հետ, որի ընթացքում հաստատել է Արեւելյան եկեղեցիների ժողովի կարդինալների դասի ու եպիսկոպոսների լիագումար նիստի դրական վճիռը՝ հայ միջնադարյան հոգեւորական, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ եւ փիլիսիոփա  Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս» շնորհելու մասին։

Նարեկացին համարվում է հայ գրականության վերածննդի հիմնադիրը։ Նրա ստեղծագործունեության գլուխգործոցը «Մատյան ողբերգության» հայտնի աշխատությունն է, որը առավել հայտնի է որպես «Նարեկ» աղոթագիրք։

Նարեկացու  կյանքի եւ ստեղծագործունեության մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։  Հայտնի  է, որ Նարեկացին ծնվել է Վասպուրականի նահանգի Ռշտունի գավառում՝ Վանա լճի հարավային ափերին  գտնվող Նարեկ գյուղում 951 թ։ Նարեկացին Անձեւաց գավառի Խոսրով Եպիսկոպոսի որդին էր։

Մանուկ հասակում Գրիգոր Նարեկացին հաճախել է Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքը, որտեղ իր եղբոր հետ միասին կրթություն է ստացել Անանիա Նարեկացու կողմից։

Ուսումն ավարտելուց հետո Գրգոր Նարեկացին ձեռնադրվել է վարդապետ Նարեկա վանքում եւ ստացել Նարեկ անունը։ Սուրբ Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003թ. եւ նրա մարմինը ամփոփվել է Նարեկ վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա շրջանների հայ բնակչության համար։

Scroll Up