Իռլանդացին Լոնդոնին կոչ է անում իր պապին Հայոց ցեղասպանության զոհ ճանաչել
Հյուսիսային Իռլանդիայից 64-ամյա Փոլ Մանուկը վստահ է, որ իր պապիկը սպանվել եւ հողին է հանձնվել հայկական եղբայրական գերեզմանում: Տղամարդը բրիտանական եւ իռլանդական կառավարություններին կոչ է անում ճանաչել Ցեղասպանության զոհերին: Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով «Coleraine Times»-ը:
Նրա խոսքով, շուրջ մեկ դար առաջ ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող գյուղերից մեկում իր պապին՝ Մանուկ Դիշչեքենյանին, այլ տղամարդկանց հետ ներառել են շարասյան մեջ, եւ դրանից հետո նրանց ոչ ոք չի տեսել: Փոլ Մանուկի կարծիքով, նրանց ողբերգական ճակատագիր է բաժին հասել, գրում է armeniangenocide100.org -ը:
«Ես զգացողություն ունեմ, որ օսմանյան զինվորները բոլորին սպանել են ու թաղել եղբայրական գերեզմաններում»,- ասել է Փոլը:
Նա նաեւ հավելել է, որ իր տատն անմիջապես հասկացել է ամեն ինչ ու որդու եւ չորս դուստրերի հետ փախել է գյուղից: «Իմ հայրը վերապրել է ցեղասպանությունը: Նա 6 տարեկան է եղել»,- նշել է նա:
Իռլանդիայից ՄԱԿ-ի նախկին զինվոր եւ խաղաղության շարժման ակտիվիստ Էդվարդ Հորգանն էլ հայտարարել է, որ Դուբլինում հատուկ խումբ է ստեղծվել՝ այս հարցն ակտիվորեն բարձրացնելու համար:
Փոլը ենթադրում է, որ Մեծ Բրիտանիան Հայոց ցեղասպանության թեմային չի ցանկանում անդրադառնում աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով: «Իսկ Իռլանդիան, ամենայն հավանականությամբ, կհետեւի Լոնդոնի օրինակին, քանի որ այն փոքր երկիր է, եւ նրան Բրիտանիայի հետ շատ բան է կապում»,- հավելել է Փոլ Մանուկը: