70 տարի Հայաստանը, հայրենիքի դռները փակ էին մեզ համար

Վիեննայի Մխիթարյան Միաբանության 200-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մխիթարյան միաբանության աբբահայր, ծայրագույն վարդապետ Հայր Պողոս Գոճանյանին հայրենանվեր և ազգանվեր գործունեության համար պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:

Գիտաժողովին Հայր Պողոսը հանդես եկավ «Մխիթարյան միաբանության անցած ուղին» զեկույցով և ներկայացրեց Մխիթար Սեբաստացու կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև Մխիթարյան միաբանության  անցած փառավոր ուղին:

Վիեննայի Մխիթարյան միաբանութան Թանգարանում և Գրադարանում պահվում են հայկական մշակութային արժեքներ, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալու հայի անցյալի հոգեմտավոր հարստություններին:

Վիեննայի Մխիթարյան միաբանությունում են գտնվում հայկական դրամների, թերթերի ամենամեծ հավաքածուները, այնտեղ  է գտնվում Հայոց առաջին եռագույնը:
Հայր  Պողոս Գոճանյանի հետ զրուցել է «Հայերն այսօրի» թղթակիցը.

-Հոգևոր և մտավոր զարգացումը եղել է Մխիթարյան միաբանության գլխավոր նպատակը, և բոլորը ծառայել են այդ նպատակին:

Բոլոր ժամանակներում մեծ կարևորություն է տրվել հայագիտական աշխատանքներին,  հատկապես Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, թեև Վենետիկում էլ այլ կարևոր գործեր են արվել՝ հին գրականության հրատարակություն, օտար, դասական գրականության թարգմանություն գրաբարով: Վերջիններս կարևոր աշխատանքներ էին հայ ժողովրդի համար հատկապես այն ժամանակ, երբ դեռ շատերը դպրոց չէին տեսել. կարևոր էր, որ նրանց մեջ ուսումնական սեր և գրական ճաշակ արթնանա:

Շատ կարևոր է նաև ամեն ինչին քննական հայացքով մոտենալը, իրականության վեր հանումը: Ամեն ինչի մեջ պետք է ոչ թե ազգային նպատակ հետապնդել, այլ՝ գիտական: Պետք է ամենուր ճշմարտություն փնտրել. այդ է պատճառը, որ մեր թերթը՝ «Հանդես ամսօրյան», ամենի առաջ բաց է. ով ինչ ուզում է՝ կարող է գրել, բայց դա պետք է լինի գիտական աշխատանք, պետք է աղբյուրները ճշգրիտ լինեն:

Այստեղ տարիներ առաջ Քրիստոնեական համայնագիտարան տպագրվեց. ինձ ասել էին, որ «Հանդես ամսօրյայի» մասին հոդված պատրաստեմ. պատրաստեցի, հոդվածն ուղարկեցի: Հետո ինձ հարցրին, թե թերթի ուղղությունը ո՞րն է. ես պատասխանեցի, որ թերթի ուղղությունը գիտությունն է, ճշմարտությունը. ով ինչ ցանկանա, կարող է գրել, բայց պետք է գիտական հիմնավորված փաստերով խոսի:

– Հա՛յր Պողոս, Վիեննայում Մխիթարյան միաբանության հոբելյանը նշվե՞լ է:

– Մեկ ամիս առաջ Վիեննայի Մխիթարյան միաբանության 200-ամյակը նշեցինք Վիեննայում. հասարակությունը գերմանախոս էր, և մենք ամեն ինչ գերմաներենով արեցինք:

Մեզ համար ավելի կարևոր էր, որ Միաբանության հոբելյանը նշվի Հայաստանում , և ուրախ եմ, որ մեր փափագը կատարվեց: Գիտաժողովը կազմակերպելու նախաձեռնությունը ՀՀ սփյուռքի նախարարությունը վերցրեց իր ձեռքը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

– Հա՛յր Պողոս, Ձեր զեկույցի ժամանակ նշեցիք, որ Միաբանությունն այսօր մի շարք խնդիրներ ունի:

– Երբ հայ ժողովուրդն իր կրած մշակութային այլափոխումից հետո վերածնունդ ապրեց, ապա այդ վերածնող ուժն անշուշտ Մխիթարյան միաբանությունն էր: Բայց ցավոք, այսօր այն չէ, ինչ 50 կամ 100 տարի առաջ էր, և պատճառները բոլորիս են հայտնի. 70 տարի Հայաստանը, հայրենիքի դռները փակ էին մեզ համար, և մեր գործունեությունը միայն Սփյուռքում էինք ծավալում:

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Հայաստանից ունեինք հոգևորականներ, բայց հետո՝ ոչ:
11 տարի առաջ Վենետիկի և Վիեննայի Միաբանությունները միացան, և երկուսը միասին այսօր 26 վարդապետ ունեն, որը Միաբանության պատմության մեջ ամենաքիչ թիվն է. Եղեռնից առաջ մոտ 100 վարդապետ կար. 50-ը՝ Վենետիկում, 50-ը՝ Վիեննայում:

Մենք Երևանի Ավան թաղամասում կրթահամալիր ունենք. այն պետական ծրագրով գործող դպրոց է: Սակայն եթե սաներն ավարտելուց հետո փափագ են ունենում շարունակելու իրենց ուսումը, հետևելու մեզ, նրանց ուղարկում ենք Վենետիկ՝ իմաստասիրական և աստվածաբանական բարձրագուն ուսումնարաններում պատրաստվելու: Վենետիկում արդեն Հայաստանից 3 երիտասարդ են ուսանում:

-Հա՛յր Պողոս, դուք մասնակցեցիք նաև Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովին: Ինչպե՞ս կգնահատեք այն: 

– Որպես առաջին շարժում՝ գովելի է: Բայց որպեսզի համաժողովները գործնական արդյունք ունենան, պետք է պարբերաբար, առանձին նյութերի վերաբերյալ ավելի փոքր խմբերով աշխատել: Մեկ ժամում հայ մշակույթի խնդիրների մասին խոսել անկարելի է: Եվ կցանկանամ, որ նման քննարկումները հաճախակի լինեն:

Հարցազրույցը՝  Լուսինե  Աբրահամյանի

Scroll Up