Պոլսո Հայոց պատրիարքարանը հիմնադրամ է ստեղծել` իրավաբանական անձի կարգավիճակ ունենալու համար

Պոլսո Հայոց պատրիարքարանը, իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով, “Հովակիմ 1461” անվամբ հիմնադրամ է ստեղծել: Այս մասին հայտնում է «Երկիրմեդիան»:

Հովակիմը Կոստանդնուպոլսի առաջին հայ պատրիարքն է եղել՝ այդ պաշտոնը ստանձնելով 1461 թվականին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որը կգլխավորի Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը, կազմված կլինի պատրիարքարանի 10 անդամից: Ստամբուլի 22-րդ քաղաքացիական դատարանն արդեն պաշտոնապես գրանցել է հիմնադրամը, որն էլ կընդունի պատրիարքարանի ֆինանսական հարցերով որոշումները: Օրենսդրության համաձայն, այն կարող է կազմակերպել սեմինարներ, համաժողովներ, հրատարակել ամսագրեր եւ թերթեր՝ պատրիարքարանի նպատակներին համահունչ հոդվածներով, նաեւ Թուրքիայից եւ արտասահմանից նվիրատվություններ ընդունել: Հիմնադրամն իր սեփականությունն ունենալու իրավունք ունի, որը կարող է ժառանգել, գնել կամ ստանալ որպես նվիրատվություն:

Scroll Up