ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Սեդա Գալոյանի 75-ամյակի և մանկավարժական գործունեության 50-ամյակի առթիվ
ՄՈՍԿՎԱՅԻ ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ N 2042 ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ ՍԵԴԱ ԳԱԼՈՅԱՆԻՆ
Սիրելի΄ տիկին Գալոյան,
Սփյուռքի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75 և մանկավարժական գործունեության 50-ամյա հոբելյաների առթիվ:
Մեծ են Ձեր վաստակն ու ծառայությունները սփյուռքում ազգային ինքնության պահպանման, երիտասարդ սերնդի հայեցի կրթության ու դաստիարակության, հայրենիքի հետ կապերի խորացման, հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման գործում։
Ձեր կեսդարյա անխոնջ աշխատանքի տարիներին Դուք ջանք ու եռանդ չեք խնայել հայրենիքից հեռու բնակվող յուրաքանչյուր հայի օջախում մեր ոսկեղենիկ մայրենիի պահպանության և զարգացման համար, օգնել եք, որ հայ մարդը հավատարիմ մնա իր արմատներին և ազգային նկարագրին: Ձեր անցած ուղին ընդօրինակելի և ուսանելի է երիտասարդ սերունդների համար, ում Դուք մեծագույն պատվախնդրությամբ փոխանցել եք Ձեր փորձն ու հայ լինելու երջանկությունը:
Կարևորելով սփյուռքում մայրենի լեզվի պահպանման խնդիրը` մենք երախտագիտության ջերմ խոսքեր ենք հղում Ձեզ` հայապահպանության ազգանվեր գործին Ձեր անմնացորդ նվիրումի համար:
Անկասկած, միայն սեփական ազգային արժեքները բարձր գնահատող, իր արմատներին ամուր կառչած անձը կարող է լինել իր բնակության երկրի ակտիվ ու օրինապաշտ քաղաքացի, ինտեգրվել նրա սոցիալական, կրթա-մշակութային կյանքին, դառնալ կենդանի և ամուր կամուրջ ռուս-հայկական բարեկամության ամրացման և զորացման գործում:
Սիրելի΄ տիկին Գալոյան, կրկին շնորհավորում եմ Ձեզ փառապանծ հոբելյանների առթիվ և մաղթում քաջառողջութուն, երկարակեցութուն և նորանոր հաջողություններ Ձեր դժվարին ու պատվաբեր գործում:
Լավագույն մաղթանքներով՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ