Ուրուգվայի ԱԳ նախարարը կոչ է արել ճանաչել ԼՂ անկախությունը

Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն կոչ է արել միջազգային մակարդակով ճանաչել ԼՂ անկախությունը` հենվելով ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը՝ վկայակոչելով «Ասբարեզ» պարբերականը, նման հայտարարություն ԱԳ նախարարը կատարել է հունվարի 4-­ին տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի անդամները` քննարկելու իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, որոնք արժանացել են նախարարի խիստ քննադատությանը:

Հանդիպմանը Ալմագրոն ընդգծել է ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը խաղաղ բանակցությունների հիման վրա` հաշվի առնելով հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

«2011թ. սեպտեմբերին Ուրուգվայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Ուրուգվայը սկսել է լուրջ վերլուծություն կատարել Լեռնային Ղարաբաղի շուրջ, որպեսզի պետական որոշում ընդունի այդ հարցի առնչությամբ»,­ հանդիպմանն ասել է Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի անդամները` հավելելով, որ այդ օրվանից անցկացվել են հանդիպումներ եւ Ուորգւվայի պետական բարձրաստիճան դեմքերը հարցի առնչությամբ հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ Ուրուգվայում գործող երկու երկրների դեսպանների հետ: Հանդիպման ավարտին ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ եւ ԼՂՀ ժողովուրդների Սուրբ ծնունդը` հույս հայտնելով, որ մոտ ապագայում ԼՂ­ն կստանա միջազգային ճանաչում:

Scroll Up