ԱՄՆ Ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովը փնտրում է հայկական թանգարանի ճարտարապետ
Միացյալ Նահանգների արևմտյան ափի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հանձնաժողովը հայտարարել է
Գլենդելում նախատեսվող հայամերիկյան թանգարանի շենքի ճարտարապետական մրցույթի մասին: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:
Հետաքրքրված ճարտարապետները պետք է իրենց որակավորման դիմումները ներկայացնեն architect@armenianamericanmuseum.org հասցեին: Հայոց ցեղասպանության տարելիցի հանձնաժողովը հայտնել է, որ իրենց նախատեսած շինությունը, որն ունենալու է 30 հազար քառակուսի ոտնաչափ մեծություն, իր մեջ պետք է ներառի թանգարան երկու կամ ավելի ցուցադրության սրահով, թատրոն, դասասենյակներ, հետազոտական գրադարան:
Գլենդելի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 4ին հավանություն էր տվել քաղաքում հայկական թանգարան և մշակութային կենտրոն կառուցելու վերաբերյալ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հանձնաժողովի առաջարկին: Այն կառուցվելու է` որպես հարգանքի նշան Գլենդելում բնակվող հայերի: