Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի 7-ամյակը

Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոնն արդեն 7 տարվա կրթամշակութային գործունեության պատմություն է կերտել:
Դեկտեմբերի յոթը տոնական օր էր Կենտրոնի և սաների և մանկավարժների համար: Հրավիրված հյուրերի շարքը լրացրել էին նաև Նինոծմինդայի նորաբաց Երիտասարդական Կենտրոնի մանկավարժներն ու սաները: Նրանց ողջույնի խոսքը, պարը ասմունքն ու երգը համատեղվեց Ախալքալաքի ԵԿ-ի բոլոր խմբակների սաների առանձնահատուկ տոնական կատարումների հետ: Յուրահատուկ էր թատերական խմբակի «Արտիստը» ներկայացումը:
Տարեց տարի ավելացել է Կենտրոն հաճախող սաների թիվը: Այժմ Կենտրոն են հաճախում Ախալքալաք քաղաքի և շրջանի տարբեր գյուղերի դպրոցների մոտ չորսհարյուր աշակերտներ: Կենտրոնն ունի ուրույն մշակած կրթա – մշակութային ծրագիր, որով առաջնորդվելով են ուսուցիչները կազմակերպում և անցկացնում իրենց համապատասխան դասընթացները: Այստեղ է, որ հայ երեխային հնարավորություն է տրվում ուսումնասիրելու իր ժողովրդի պատմությունը, խորությամբ ծանոթանալու հայ գրականության ոսկե գանձերին: Մայրենիի, վրացերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների ուսուցումից բացի, կենտրոնը հնարավորություն է տալիս սաներին մասնակցելու նկարչության, ասեղնագործության, դիզայնի, համակարգչայինի խմբակների դասընթացներին: Ազգային պարի չորս խմբակների մասնակիցների թիվն ամենաշատն է ,որն էլ փաստում է հայ երեխայի նվիրվածությունն իր ժողովրդի ավանդական պարերի պահպանմանը և ներկայացմանը: Թատերական խմբակի փոքրիկ դերասանները Կենտրոնում հաճախակի կազմակերպվող միջոցառումներին ներկայացնում են տարբեր թեմաներով ներկայացումներ: Այս մասին հայտնում են Akhaltskha.Net-ից:
Միջոցառման ծրագրում փառաբանվում էր Կենտրոնի մանկավարժների հայրենանվեր ,բազմակողմանի աշխատանքը: Նրանց շնորհակալ աշխատանքի, Կենտրոնի կրթա-մշակութային գործունեությունը կազմակերպողների , հովանավորների հասցեին ծնողների անունից երախտիքի խոսքով հանդես եկավ Կարինե Կոբելյանը, ում երեխաները Կենտրոնի բացման օրից հաճախում և մասնակցում են բազում դասընթացների: Բարեմաղթանքի ,շնորհակալական խոսքերը շարունակվեցին նաև տոնական սեղանի շուրջ: Մինչ երեկո Կենտրոնում հնչում էին ուրախ երգեր և թևածում ՝ հայկական շուրջպարեր: Բարի երթ Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոնին: