Ժնևում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրելու առաջարկը մերժվել է

Շվեյցարիան մերժել է հայկական համայնքի` Ժնևում՝ ՄԱԿ-ի գրասենյակի պուրակում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրելու առաջարկը:

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը որոշման մասին հայտնել է Ժնևի Քանթոն շրջանի ղեկավարությանը: Նախարարությունը շրջանային իշխանությանը տեղեկացրել է նաև, որ եթե հայկական մշակութային միությունն իր առաջարկի մեջ համառի, ապա կարող են հուշարձանը տեղադրել քաղաքի մեկ այլ վայրում, գրում է Ermenihaber-ը:

Ժնևի քաղաքապետարանը դեռ 2008-ին քաղաքի կենտրոնում ցեղասպանությանը նվիրված հուշարձան կանգնեցնելու թույլտվություն էր տվել: Սակայն տարածքի հետ կապված որոշ խնդիրների պատճառով հուշարձանը չէր կանգնեցվել:

Այնուհետև 2013-ի նոյեմբերին թուրքական թուրքական Time turk-ը գրել էր, որ Ժնևի քաղաքապետարանը վճռական է Ցեղասպանությանը նվիրված հուշարձան կառուցելու հարցում, և այն, ըստ քաղաքի ավագանու ղեկավարության հայտարարության, կարող է կանգնեցվել Արիանա այգում։

Հուշարձանին առնչվող հարցին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը մամուլին տված հարցազրույցում նշել էր, որ հուշարձանը չպետք է դիտարկվի որպես «մի երկրի դատապարտում», ր այն խորհրդանշելու է ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդներին։ Ժնևի քաղաքապետարանի՝ հուշարձանի նախագիծը վերահսկող պաշտոնյան` Սամի Քանաանը, մամուլի ասուլիսի ժամանակ հավաստել էր, որ հուշարձանի վրա «Ցեղասպանություն» բառը չի նշվելու։ Բայց միևնույն է, Թուրքիան շարունակում էր դժգոհել ժնրյան հուշարձանի նախագծից։ Շվեյցարիայի արտգործնախարարության խոսնակը թուրքական «Ջիհան» գործակալությանն ասել էր, որ իրենք ի զորու չեն դադարեցնել ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կառուցումը։

Ըստ նախագծի`«Հիշողության լապտերներ» անվանմամբ հուշարձանախումբը պետք է բաղկացած լիներ 9 փողոցային լապտերից, որոնց լամպերի մասերը պետք է լինեին պողպատե և ունենային արցունքի տեսք: Հուշարձանի համար 400.000 շվեցարական ֆրանկ վճարելու էր շվեցարահայ համայնքը, իսկ մնացած 100.000` Ժնևի քաղաքապետարանը: Հուշարձանի հեղինակը Մելիք Օհանյանն է։

Ցեղասպանության ճանաչման և դրան առնչվող բոլոր հարցերում հայկական համայնքն ու կազմակերպությունները կարևորագույն շարժիչ ուժ են: Դաշնային մակարդակով ցեղասպանության ճանաչման գործընթացի հաջողությունն արդյունք էր համայնքի բոլոր կազմակերպությունների միասնական գործունեության, համատեղ կազմակերպված տարբեր ակցիաների և միջոցառումների, որ միտված էին պատգամավորների հետ նպատակաուղղված աշխատանքներ կատարելուն` վերջիններիս դրական ձայները ապահովելու նպատակով:

Շվեյցարիայում ապրում է մոտ 4.500 հայ, որոնց մի մասը 1915-ի Եղեռնից փրկված և Շվեյցարիայում ապաստան գտած հայ որբերի սերունդներն են, մյուս մասը եկել է Թուրքիայից, Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից և վերահաստատվել այստեղ: Ակտիվ միջուկը կազմում է մոտ 1.500 հայ, որոնք կազմակերպում են արդեն ավանդական դարձած բազմաթիվ միջոցառումներ` պահպանելով հայկական ոգին համայնքի ներսում:

Համայնքի առանձին ներկայացուցիչներ ակտիվորեն հետևում և մասնակցում են Շվեյցարիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացներին: 2001-ի դեկտեմբերի 10-ին Ժնևի կառավարության կողմից ցեղասպանության ճանաչման հարցում իր ավանդն ուներ հայ համայնքը:

Scroll Up