Հալեպի հայտնի «Բարոն» հյուրանոցն ու 1915-ի հուշերը. «Ակօս»-ի անդրադարձը

Բրիտանական Daily Mail թերթը նոյեմբերի 20-ին ռեպորտաժ էր պատրաստել Հալեպում հայի պատկանող «Բարոն» պատմական հյուրանոցի մասին, որի սենյակներն այժմ փոշու մեջ են թաղվել։ «Ակօս»-ը ներկայացրել է հյուրանոցի պատմությունից որոշ դրվագներ՝ կապված 1915թ.-ին Հայոց ցեղասպանության ու հյուրանոցում մնացած այդ հիշողությունների հետ: Այս մասին գրում է tert.am-ը:

Այժմ հարյուրամյա հյուրանոցը մի քանի օրով պատերազմի հետևանքով անօթևան մնացած անձանց ապաստան տալուց բացի այլ հաճախորդ չի ունենում։ Իսկ ժամանակին այն հայտնի մարդկանց է հյուրընկալել՝ նախագահներ, առաջնորդներ, թագավորներ:

Կարևոր անուններից բացի «Բարոն» հյուրանոցն ընդունել է նաև 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուրավոր մարդկանց:

Հալեպի առաջատար այս հյուրանոցի այդ ժամանակվա սեփականատերերը՝ Արմենակ և Օնիկ Մազմումյան եղբայրները, հյուրանոցն օգտագործում էին ցեղասպանությունից փրկվածներին պահելու և Օսմանյան կայսրության տարածքից դուրս հանելու նպատակով:

Քաղաքի այլ հայտնի հայերի հետ նրանք էլ հյուրանոցը վերածել էին ընդհատակում գործող մի խմբավորման հավաքակայանի, որտեղ հայերին փրկելու ճանապարհներ էին որոնում:

Հայ բարեգործական ընդահնուր միության Հալեպի շրջանային վարչությունում պաշտոն զբաղեցնող Արմենակ Մազլումյանը 1915թ.-ի հուլիսին Դեր Զոր հասած հայերին օգնել էր փորձում: Այդ օգնությունը համակարգելու համար Հալեպում ստեղծված փախստականների կոմիտեում էլ ակտիվ դերակատարություն է ունենում:

Հյուրանոցում նա հանդիպել է պետական պաշտոնյաների և կաշառելով նրանց՝ հայերին դուրս է հանել Օսմանյան կայսրության տարածքից: Ասում են՝ յուրաքանչյուր հայի համար 10 ոսկի է վճարել:

Սակայն երբ դեպի Դեր Զոր քայլող հայերի քարավանի ընթացքն արագացնելու համար Հալեպում նշանակվել է Մուսթաֆա Աբդուլհալիքը՝ Թալեաթ փաշայից ստացած թույլտվությամբ Մազլումյանների ընտանիքը ևս բռնել է աքսորի ճանապարհն ու մեկնել Լիբանան:

Անտոնյանն ու Զոհրապը

Այդ ժամանակաշրջանում հյուրանոցի կարևոր հյուրերից մեկն էլ եղել է գրող Արամ Անտոնյանը: Ավելի ուշ նա Հայոց ցեղասպանության մասին վկայություններ է հավաքել հյուրանոցում:

«Բարոնի» այլ կարևոր հյուրերի թվում եղել են նաև Գրիգոր Զոհրապն ու Վազգեն Սերենգյուլյանը:

 Մազլումյան ընտանիքի համար բեռ չլինելու համար նրանք այլ հյուրանոցում են մնացել, սակայն հաճախ են այցելել հյուրանոց ու այնտեղ ժամանակ անցկացրել:

Արմենակ Մազլումյանի գլխավորությամբ շատերն են նրանց համոզել փախչել, սակայն նրանք մտածել են, թե իրենց հետ ոչինչ չի պատահի ու վերադարձել են Դիարբեքիր:

Անտոնյանն ասում է, որ Զոհրապին ու Սերենգյուլյանին Դիարբեքիր մեկնելուց հետ պահելու համար Մազլումյանն անգամ նրանց մեծ քանակությամբ ոսկի է առաջարկել, սակայն դա էլ չի օգնել:

«Արդեն ամեն ինչ հետևում է մնացել: Եթե անկեղծ լինենք, այս հյուրանոցն այլևս նախկինը չի լինելու»,-այս խոսքերը Հալեպում 1911թ.-ին բացված «Բարոն» հյուրանոցի սեփականատեր Մազլումյան ընտանիքի վերջին անդամին՝ Արմեն Մազլումյանին են պատկանում…:

Scroll Up