Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը աջակցություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

Դակարում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XV-րդ գագաթնաժողովն ընդունեց Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը, որտեղ Հայաստանի առաջարկությամբ ամրագրվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ամրագրված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XV-րդ գագաթաժողովի եզրափակիչ բանաձևում։

Scroll Up