Զորավար Սեպուհի աճյունասափորը նրա կտակից 75 տարի անց ամփոփվեց Եռաբլուրում
Զինվորական կարգի համաձայն` երեք համազարկ, հոգեւորականի շարական, աղոթք ու բարձր գնահատանք` կատարած
հայրենանվեր գործունեության համար. մահվանից 75 տարի անց կատարվում է Զորավար Սեպուհի կտակն, ու նրա աճյունասափորն ամփոփվում է Եռաբլուրում:
Այդտեղ են Զորավարի հարազատները, գաղափարակիցներն ու մարդիկ, ովքեր ոգեշնչվել են նրա գործունեությամբ, հայրենասիրությամբ եւ անձնվիրությամբ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ` Արշակ Ներսիսյանը կամ Զորավար Սեպուհը 19-րդ դարավերջի ողբերգական եւ հերոսական տարիների հայ ազգային ազատագրական պայքարի փայլուն դեմքերից մեկն է: «Դժվարին, հերոսական, բայց նաեւ դառը ճակատագիր է հասել նրան: Որպես իսկական զինվոր` երբեք չդառնացավ հայրենիքից եւ կտակեց վերաթաղվել այստեղ, եւ այսօրվանից նա կննջի մի բարձունքում, ուր ննջում է իր հրամանատարը` զորավար Անդրանիկը, կննջի այն հերոսների կողքին, ովքեր դարավերջին պաշտպանեցին Սեպուհի ջանքերով կերտված Հայաստանը»,- նշեց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ զորավարը գաղափարի նվիրյալ էր, ներկա էր այնտեղ, ուր Հայաստանն ու հայությունը վտանգված էին: